ԾԱՆՐ ԳՈՒՅԺ․ Նրա անժամանակ մшhն առաջացրեց այնպիսի բաց, որը չի կարող լրացվել

ԾԱՆՐ ԳՈՒՅԺ․ Նրա անժամանակ մահն առաջացրեց այնպիսի բաց, որը չի կարող լրացվել

Iravaban.net-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է երիտասարդ փաստաբան Միքայել Խչեյանը: Նա ընդամենը 36 տարեկան էր․․․

Խչեյանի ամբողջ կյանքն անմնացորդ նվիրումի բացառիկ օրինակ էր՝ նվիրում հայրենիքին, ընտանիքին, ընկերներին, մասնագիտությանը:

Ընկերները նրան բնութագրում են որպես մարդու, ով հասարակ գիշերային քունը համարում էր շռայլություն:

«Հասցնել» բառը միշտ նրա շուրթերին էր անգամ այն ժամանակ, երբ չարաբաստիկ հիվանդությունը դեռ չէր հայտնվել: Ցանկացած բան, որ Միքայելն անում էր, պետք է աներ լավագույնս. եթե պատրաստում էր որևէ փաստաթուղթ, ապա այն պետք է փայլեր իրավաբանական գրագիտությամբ և համակողմանիությամբ, եթե ժամանակ էր անցկացնում ընկերների հետ, ապա այդ ժամերը պետք է իսկական տոնի վերածեր բոլորի համար:

Իր կարճ, բայց հագեցած կյանքով Խչեյանը խորը հետք թողեց իր բոլոր մերձավորների կյանքում, իսկ նրա անժամանակ մահն առաջացրեց այնպիսի բաց, որը չի կարող լրացվել:

Միքայել Խչեյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 8-ին՝ ժամը 13:00-ին՝ «Ռոտոնդա» սգո սրահից (ք. Երևան Դավիթ Բեկի 83):

Iravaban.net-ը ներկայացնում է նաև Միքայել Խչեյանի մասնագիտական ուղին:

2004-2008 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, 2010-2013 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, 2013-2017 թվականներին եղել է նույն ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ:

2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում:

2011-2020 թվականներին աշխատել է «ԲՐԵՅՎ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան քաղաքացիական, սնանկության, կորպորատիվ, վարչական, աշխատանքային և ընտանեկան իրավունքների գծով: Զբաղվել է դատական ներկայացուցչությամբ, համակարգել է բանկային և ապահովագրական ոլորտի կորպորատիվ հաճախորդների սպասարկման աշխատանքները:

2014-2020 թվականներին աշխատել է «ԼՈւՍԱՆՇԱՆ» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավաբան:

2019 թվականից եղել է «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ իրավաբանական ծառայության տնօրենը:

2020 թվականից մինչև 2022 թվականի մարտը եղել է «ՎԻԿԱԼԿ» ՍՊԸ իրավաբանական տնօրենը:

2022 թվականի մարտից եղել է «ԳՐԵՅՆ ԱԼԿՈ» ՍՊԸ իրավաբանական տնօրենը:

2014 թվականին հիմնադրել է «ԽՉԵՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» փաստաբանական գրասենյակը:

2012 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2013 թվականից՝ ՀՀ իրավաբանների միության անդամ:

2015 թվականից «ELSA Armenia»-ի անդամ է:

Ամուսնացել է 2023-ի սեպտեմբերի 30-ին։

 

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog