Վանաձորում կատարված սպանությունը բացահայտվել է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

840

Վանաձորում կատարված սպանությունը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23.55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա:

Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները նշված հասցեի նկուղային հարկում հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 29, 26, 28, 21 և 25-ամյա անձինք, իսկ 25-ամյա Դավիթ Օհանյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ջնջված գործարանային համարով «Մակարով» տեսակի ատրճանակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին կետերի հատկանիշներով։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության, Տարոնի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ։

Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23։40-ին, Միչուրինի 20 հասցեի նկուղային հարկում միջանձնային հարաբերություններից առաջացած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդն իր մոտ պահվող «Մակարով» ատրճանակից սպանություն կատարելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։

Արդյունքում 3 անձ մահացել է, 5-ը ստացել են հրազենային տարբեր վնասվածքներ։

Տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։

Պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։

Նախաքննությունը շարունակվում է։

Նյութի աղբյուր՝

https://blognews.am/arm/news/637323/vanadzorum-katarvats-spanutyuny-bacahaytvel-e-ostikanutyuny-manramasner-e-haytnum.html