«Նորածնի դին չենք տալիս`վիշտը շատ կխորանա». Հերթական ծնողը փնտրում է իր տղային

258

«Ես 2010թ-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում լույս աշխարհ եմ բերել տղա երեխա։ Հղիության 9 ամսվա հսկողությունն անցել եմ տեղի պոլիկլինիկայում: Ինչպես իմ, այնպեսլ էլ երեխայի մոտ ոչ մի խնդիր երբեվիցե չի հայտնաբերվել, սակայն մի քանի ժամվա ընթացքում իրավիճակը բոլորովին այլ տեսք ստացավ»,-այս մասին iPress.amի հետ զրույցում պատմեց Մարինե Կիրակոսյանը։

Մարինեի խոսքով` նա հունիսի 8-ին բնական ճանապարհով լիովին առողջ (3.150կգ, 50սմ) բալիկ է ունեցել։ Ավելին` հունիսի 10-ին բժիշկները երեխային զննել են, որպեսզի հաջորդ օրը դուրսգրման պրոցեսը կատարվի:

«Ոչ մի խնդիր չի հայտնաբերվել։ Սակայն մի դեպք եղավ, այդ գիշեր ծննդատունը հոսանքազրկվեց, ամբողջ գիշեր երեխան անհանգիստ էր, կանչեցի հերթապահ բուժքրոջը, ով հեռախոսի լույսի տակ փոխեց երեխայի տակդիրը։ Այդպես անհանգիստ լուսացրեցինք, երեխայի գույնը դուրս չեկավ, անմիջապես կանչեցի մանկաբարձուհուն։ Նրանք երեխային տարան առանձին սենյակ միացրեցին սարքավորումներ, ասելով որ պետք է տեղափոխեն մեկ այլ հիվանդանոց` Պլանի Գլուխ։

Երեխային տեղափոխեցի, սակայն ինձ թույլ չտվեցին գնալ։ Նրանց հետևից գնացել էր ամուսինս, ասել էին որ ամեն ինչ կանեն երեխայիս համար։ Հաջորդ օրը ամուսնուս ուղարկել էին տակդիրներ գնելու։ Անցել է որոշ ժամանակ և բժիշկը մոտեցել է ամուսնուս և ասել. «Ուշացրել եք, երեխայի մոտ սրտի արատ է, էլ ոչինչ չենք կարող անել պիտի սարքավորումները անջատենք, անհույս է»։

Մեր զրուցակցի խոսքով` բժիշկներն ասել են` նորածնի դին չենք տալիս հարազատներին` որպեսզի վիշտը շատ չխորանա։

«Ես չեմ հասկանում` ինչպես կարող էր առողջ ծնված երեխան այդպես լինել, աշխարհում միլիոնավոր երեխաներ կան այդ խնդիրով, բայց ողջ են։ Բացի դա, ես երկու օր կերակրել եմ բալիկիս, երկու օր զննել են և ասել, որ երեխաս լիովին առողջ է, այդ ինչպես չեն իմացել հիվանդության մասին ամենասկզբում: Ես ոչ մի օր չեմ համակերպվել ու հավատացել, որ իմ երեխան ողջ չէ, ու ես միշտ քայլելիս փնտրում եմ եխայիս հայացքը։ Ես հիմա ոչ մի փաստաթուղթ չունեմ իմ երեխայից, նրանք անգամ երեխայիս մահվան թուղթը չեն տվել»:

Չնայած նրան, որ ծնողներին չեն տվել, ո’չ երեխայի դին և ո’չ էլ մահվան վկայականը, Մարինեն պնդում է, որ իր ամուսնուն ինչ-որ թղթեր են ներկայացրել, որպեսզի ստորագրի.«Միշտ կասկածել եմ, որ ամուսնուս ներկայացրել են երեխայից հրաժարվելու թուղթը, ես այլ տարբերակ չեմ տեսնում այստեղ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից  բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

iPress.am