Մարդասպանը հայտարարել է, որ չի զղջում արածի համար. խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության տակ պահել գործի քննությունը. սպանված երիտասարդի ծնողների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

336

Մասիսում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները բաց նամակ են ուղարկել Tert.am–ի խմբագրություն, որով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նամակը ներկայացնում ենք ստորև. «Հարգարժան պարոն Փաշինյան և աշխարհասփյուռ հայ ժողովուրդ. Ձեզ դիմում են 2019 թ. դեկտեմբերի 23- ին Արարատի մարզի Մասիս քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանված Էդուարդ Պավելի Բեգլարյանի ծնողներն ու հարազատները։ Սրտի խորը ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մեր որդին դաժանաբար սպանվել է խաղաղ պայմաններում համադասարանցու ձեռքով ՝ թուրք-ենիչերներին վայել, ստոր մեթոդով դաժանությամբ մորթելով և թալանելով, ինչը մենք տեսանք ապրիլյան քառօրյայում, երբ թուրք- ազերիների ձեռքերով մորթվեցին բազմաթիվ առյուծ զավակներ։ Դաժանաբար սպանվել է ոչ միայն անչափահաս երեխա, այլև զինակոչիկ, որն անցնում էր բուժզննում, որպեսզի 2020 թվականի հունիսին համալրեր հայկական բանակի շարքերը և պաշտպաներ հայրենիքը արտաքին թշնամուց։ Խոր ցավով ուզում ենք տեղեկացնել, որ մարդասպանը հայտարարել է, որ չի զղջում կատարվածի համար և շարժառիթը եղել է միայն թալանը։ Կան ենթադրություններ , որ մարդասպանը կատարել է մի շարք հանցագործություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չի բացահայտվել։ Մարդասպանը կանխամտածված կատարել է մեր որդու սպանությունը, որպեսզի դառնա քրեական հեղինակություն «գող»։ Ցավալի փաստ է, որ նման հանցագործները մեր երկրում ունեն փաստաբան ընտրելու իրավունք։

Մենք սովոր ենք, որ հայ մարդուն սպանողին անվանենք «թուրք», ապա ինչպես անվանենք «թուրք»-ի կողմից կատարած հանցագործությունը պաշտպանող փաստաբանին, երևի թե «АДВОКАТ ДЬЯВОЛА»։ Հարց է ծագում, ի՞նչ խղճով է այդ փաստաբանը ծախսելու արյունոտ փողերը կամ ի՞նչ ոգով է դաստիարակելու իր երեխաներին։ Հարգարժան վարչապետ, Խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողության ներքո պահել «թուրք»-մարդասպանի կողմից կատարված հանցագործության քննությունը և դատավարությունը։ Քանի որ մեր երկրում մահապատիժը գոյություն չունի, հետևաբար խնդրում ենք մարդասպանի համար սահմանել ցմահ ազատազրկում։

 

 

Իսկ ինչ վերաբերվում է մարդասպանի ծնողներին, մեր ցավը և կսկիծը մեղմացնելու նպատակով կուզենայինք նրանք բնակվեին՝ խաղաղ բնակչությունից հեռու հեռավոր ազատագրված տարածքներում, որոնց ազատագրմանը 1993-1994 թվականներին մասնակցել է սպանված Էդուարդի հայրը՝ Պավել Բեգլարյանը։ Կոչով դիմում ենք ողջ հանրությանը վերոնշյալ ոճիրը չմատնել անտարբերության, կիսվել և տարածել որդեկորույս ծնողների բաց նամակը։ Մենք գիտենք ինչպես վարվել արտաքին թշնամինների հետ, սակայն չգիտենք ինչպես վարվել մեր ներքին թշնամու հետ խնդրում ենք հետամուտ լինել, որպեսզի դատավարությունը լինի արդար և անաչառ, մարդասպանը ստանա իր արժանի պատիժը, քանի որ դա կարող է վերաբերել բոլորին»։

Նյութի աղբյուրը` YN.am