Սիրային տեսարաններ` Սուրենի եւ Էվայի մասնակցությամբ. Ինչպես են անցել «Սիրուն Սոնա»-ի նկարահանումները Շրի Լանկայում

1938

«Սիրուն Սոնա» նոր սերիալի ստեղծագործական թիմն օրերս երեք դերասանների հետ նկարահանումներ է իրականացրել Շրի Լանկայում: Ծովափնյա տեսարանների եւ այնտեղ անցկացրած ժամանակի մասին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը:

Սուրեն Փահլեւանյանը եւ Էվա Խաչատրյանը

«Մեկնեցինք, քանի որ սցենարն այդպիսի զարգացում էր պահանջում: Իհարկե, կարող էի «խաբել» հեռուստադիտողին եւ Հայաստանում որեւէ հյուրանոցում նկարահանումներ անել, անունն էլ դնել Շրի լանկա: Բայց մենք որդեգրել ենք մի սկզբունք, որ չենք խաբում մեր լսարանին, եւ հեռուստաընկերությունն էլ պատրաստ էր գումար տրամադրել, որպեսզի դերասաններն այնտեղ նկարահանվեին: Մենք ունենք մեր հավատարիմ հեռուստադիտողը, ում համար ոչինչ չենք խնայում»,-նշել է Ելենան:

Նկարահանող թիմի հետ Շրի Լանկա են մեկնել Սուրեն Փահլեւանյանը, Էվա Խաչատրյանը եւ Սյուզան Ղեւոնդյանը.«Չեմ կարող ասել, որ նրանք գլխավոր դերակատարներն են, բայց ոչ էլ երկրորդական են. նրանք անմիջական կապ ունեն ֆիլմի զարգացման հետ»,-շեշտել է պրոդյուսերը:

«Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումներին

Խոսելով Սուրենի եւ Էվայի՝ որպես զույգ ներկայանալու եւ սիրային տեսարանների մասին՝ նա ասել է.«Ունեցել են համատեղ նկարահանման փորձ, եւ նրանց տանդեմը բավական հետաքրքիր էր ստացվել: Որոշեցինք այս նախագծում միասին ներկայացնել: Չեմ ցանկանա նշել՝ զույգ են, ամուսիններ են, թե՝ ոչ, բայց մի բան կասեմ՝ նրանց հերոսները սիրում են իրար: Եվ Շրի Լանկայում նրանք խաղացել են սիրային տեսարաններ»:

«Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումներին

Ելենան պատմել է նաեւ, որ նկարահանումներն այնտեղ իրականացրել են վաղ առավոտյան, քանի որ օրվա ընթացքում բավական շոգ է եղել: Այդ օրերին Հայաստանում եւս շարունակվել են սերիալի նկարահանումները:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ելենայի անձնական արխիվից