Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը. Փաշինյան. .

131

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խնդիր դրեց Զինված ուժերի առջև, որի համաձայն հայոց բանակը պետք է լինի աշխարհում ամենաինտելեկտուալներից մեկը: Այս մասին Փաշինյանը հայտարարեց դեկտեմբերի 21-ին կազմակերպված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ, հայտնի է ուժային ասպեկտը, հոգեբանական ասպեկտը, բայց ես ուզում են ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել է, և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը, եթե ոչ՝ ամենաինտելեկտուալը: Մարդկության պատմության առաջին օրերից մինչև այսօր հենց անվտանգության կարիքներն են, հենց ռազմական գործն է քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը: Այս փուլում, երբ ՀՀ Զինված ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Երբ ասում ենք, որ ՀՀ Զինված ուժերը, հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով: Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալներից մեկը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ փառապանծ ծառայություն են իրականացրել ՀՀ Զինված ուժերում:

«Վազգեն Սարգսյանի համալսարանը ձևավորվել է այն ժամանակաշրջանում, երբ հայոց բանակը, գտնվելով կազմավորման փուլում, Հայաստանի Հանրապետության բանակը, Արցախի պաշտպանության բանակը լինելով կազմավորման փուլում, միևնույն ժամանակ տրիումֆ էր ապրում՝ վայելելով իր փառքն Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի առիթով: Այս համալսարանը, այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա, և այս շինությունը պետք է որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար, ամրանա, կառուցվի, և ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերում: Ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ փառապանծ ծառայություն են իրականացրել Զինված ուժերում: Այդ ծառայության վրա է հիմնված այսօրվա հզոր, մարտունակ, վստահ Հայաստանի Հանրապետության բանակը, Արցախի Պաշտպանության բանակը»,- նշեց վարչապետը: