Վիրաբույժը մեղադրվում է իր հարյուրավոր անչափահաս պացիենտների բռնաբարության համար

555

Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել վիրաբույժ Լե Սկուարնեկին անչափահասների հանդեպ ոտնձգությունների ու բռնաբարությունների բազմաթիվ դրվագներով: Վիրաբույժի պոտենցիալ զոհերի թիվը հասնում է 349-ի: Այս մասին հայտարարել է դատախազ Լորելին Փեյրեֆիթը:

68-ամյա բժշկի հանդեպ հետաքննությունն սկսվել է 2017 թվականին: Այդ ժամանակ նրա 6-ամյա հարևանուհին իր մորը պատմել է, որ տղամարդն իր հանդեպ սեքսուալ բնույթի ոտնձգություններ է թույլ տվել: Ավելի ուշ բժիշկը խոստովանել է նմանատիպ ևս երկու դեպք՝ իր ազգականուհիների հանդեպ:

Նրա տանն իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են թղթապանակներ գրառումներով, որոնք պարունակել են ավելի քան 200 երեխայի մասին տվյալներ:

Մեծ մասամբ ոտնձգությունները տեղի են ունեցել հիվանդանոցներում, որտեղ նա աշխատել է: Ամենավաղ գրառումները պատկանում են 1980 թվականին: Հայտնաբերվել են նաև մեծ քանակութամբ լուսանկարներ ու տեսանյութեր: