Ծառուկյանը, Կարապետյանը, Ալեքսանյանը, Վարդանյանները, Յիրիկյանը և այլք շատ բան ունեն սովորելու Ռուբեն Հայրապետյան տղամարդ տեսակից

236

Նախորդ շաբաթ բոլորի ուշադրության կենտրոնում էր ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող կառույցներում իրականացված խուզարկությունը, որին հետևեց Հայրապետյանի ոչ պակաս հետաքրքիր ու մեսիջներ պարունակող հարցազրույցը:

Նշյալ հարցազրույցում Հայրապետյանն անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին, նշել, որ որպես տղամարդ հպարտ է, որ Սերժ Սարգսյանի ընկերն է: Հասկանալի է, որ Հայրապետյանի շուրջ օղակը սեղմվում է, և վերջինիս հանդեպ ճնշումները գնալով ավելանալու են, սակայն ակնհայտ է նաև մի հանգամանք, որ չնայած ստեղծված իրավիճակին, Հայրապետյանը չի ուրանում իր ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին, չի խուսափում խոսել մերժված ղեկավարի հետ ունեցած լավ ու մտերմիկ հարաբերություններից: Ինչ խոսք, գովելի է Հայրապետյանի արարքը. այն կարող էր օրինակ ծառայել ուրիշների համար:

Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին մեր երկրի տնտեսությունը նկատելի աճ է գրանցել: Իր նախորդներից որպես ժառանգություն ստացած ավերված ու թալանված երկրում Քոչարյանին հաջողվեց ներդրումեր բերել, զարգացնել երկրի տնտեսությունն ու արդյունաբերությունը, աշխատատեղեր ստեղծել, նվազեցնել արտագաղթի տեմպերը: Բացվեցին մի շարք գործարաններ, զարգացում ապրեց կապի ու հեռահաղորդակցության ոլորտը և այլն: Քոչարյանի իշխանության տարիներին իրենց գործունեությունը սկսեցին այսօրվա մեծահարուստ գործարարներից շատերը, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը (2004թ.-ին հիմնադրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնը՝ 1998թ.), Քոչարյանի մտերիմ ընկերներից լուսահոգի Հրանտ Վարդանյանը, ում գործն այսօր շարունակույմ են վերջինիս որդիները  («Գրանդ Քնենդի» ընկերությունը՝ 2000 թ. ), Սամվել Ալեքսանյանը և այլն:

Երկրորդ նախագահի օրոք էր, որ նշյալ անձինք հնարավորություն ունեցան ստեղծել  իրենց բիզնեսն ու զարգացնել այն՝ տարիների ընթացքում այն վերածելով կայսրության: Հեռահաղորդակցության ոլորտում իր գործունեությունը սկսեց «Ղ տելեկում» ընկերությունը՝ այժմյան «Վիվա Սել-ՄՏՍ»-ը՝ Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ և արագ տեմպերով դարձավ ոլորտի առաջատարն ու ամենապահանջված հեռահաղորդակցության օպերատորը:

Որպես գործարար Քոչարյանի օրոք կայացավ նաև Սամվել Ալեքսանյանը, իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմադրվեց 2007թ.-ին:

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ մի շարք հեղինակավոր ընկերություններում բարձր պաշտոններ է զբաղեցրել:

Իրենց առաջին միլիոնները նախագահ Քոչարյանի օրոք կուտակած հիշյալ գործարարներից և ոչ մեկն այսօր չի արձագանքում Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդմանը: Նրանք անգամ խուսափում են մեկնաբանել տեղի ունեցող զարգացումները, դրանց վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտել: Ժամանակին Քոչարյանի հետ սերտ հարաբերություններ ունեցածներն իրենց ամեն կերպ հեռու են պահում Քոչարյանի հետ կապված ցանկացած հարցից:  Խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ հանդիսացող ԲՀԿ-ն նույնպես շրջանցում է այս հարցը՝ հստակ քաղաքական գնահատական չտալով Քոչարյանի հանդեպ իրականցվող քաղաքական հետապնդմանը:

Լուռ են նաև Վարդանյան եղբայրները, այնինչ բոլորին է հայտնի, որ Հրանտ Վարդանյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտերմիկ հարաբերություններ են ունեցել և եղել են ընկերներ:

Իրենց արարքների դրդապատճառները միայն իրենց են հայտնի, բայց մի բան ակնհայտ է՝ հայ տղամարդուն դարեր շարունակ բնորոշ է եղել իր խոսքից չհրաժարվելը, իր անցյալին հավատարիմ լինելը: Բայց կարծես թե այդ նուրբ արվեստն աստիճանաբար նահանջում է…Միգուցե և վերոնշյալ մարդկանց ջուրը մի առվով չի հոսել Քոչարյանին հաջորդած իշխանությունների հետ, միգուցե և նրանց հետ որոշ հարցերում անարդար են վարվել, սակայն դա չի նշանակում, որ պետք է մոռանան այն մարդուն, ում օրոք մեծ հաջողություններ են ունեցել և ում հետ եղել են մտերիմ հարաբերությունների մեջ:

Վերադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Սերժ Սարգսյանին վերաբերող  հայտարարություններին՝ փաստենք, որ վերոնշյալ գործարարներն իսկապես սովորելու բան ունեն Հայրապետյանից: Ճիշտ կլիներ, որ նրանք էլ հետևեին վերջինիս օրինակին, չմոռանային իրենց անցյալն ու առանց վարանելու որակում տային նախագահ Քոչարյանի հետ տեղի ունեցին:

Խմբագրական