Հա­ջորդ տա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շից կա­րող են մի­այն փշուր­նե­ր մնալ.

156

«Փաստ» օրաթերթը գրում է

2019 թվականի ընթացքում Փաշինյանը ստացավ բոլոր հնարավորությունները իշխանափոխության օրերին խոստացած իր ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունները իր գլխավորած քաղաքական ուժի վերահսկողության տակ հայտնվեցին, և այլևս չէր կարող արդարացումներ փնտրել, թե օրենսդիրում իր կառավարության նախաձեռնությունների դեմ սաբոտաժ է իրականացվում։

Ու ժամանակն է հասկանալու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչքանով նոր իշխանություններին հաջողվեց իրականացնել բարեփոխումների օրակարգը, որպեսզի այն տեսանելի լինի հասարակ քաղաքացու համար։

Եթե մանրամասն դիտարկենք իրադարձությունների շարքը, ապա կտեսնենք, որ տարին աչքի ընկավ աղմկահարույց քրեական գործերի հարուցման, ձերբակալությունների, կալանավորումների շքերթով, բռնոցի-բացթողնոցիներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրագոչ հայտարարություններով։

Եվ չնայած մարդիկ միամտորեն ակնկալիքներ ունեին, թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե մուտքագրված գումարների հաշվին իրենց կյանքը կբարելավվի, բնականաբար, դա տեղի չունեցավ։

Քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները միայն նպատակ էին հետապնդում՝ ուղղակի հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե դրական փոփոխություններ են սկսվել երկրում, և մինչ ժողովուրդը զբաղված կլիներ այդ շոուն մարսելով՝ իշխանությունները կխուսափեին պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և իրատեսական ծրագրեր կյանքի կոչել։

Իսկ երբ հանրային հետաքրքրությունը ձերբակալությունների նկատմամբ սկսում էր թուլանալ, իշխանությունները սկսում էին մտածել նոր աղմկահարույց գործ հարուցելու մասին, որն իր վրա կգրավեր հասարակության ուշադրությունը։