Զանգվածային ձերբակալություններ Բաքվում․ Ալիևի վերջին «սխրագործությունները»

230

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդն ուզում էր հանրահավաք անցկացնել քաղաքի կենտրոնում, սակայն իշխանությունները թույլ չտվեցին։ Ադրբեջանի իրավապահները ընդդիմությանն առաջարկել էին հանրահավաքը կազմակերպել Լոքբաթանում՝ Բաքվին մոտ գտնվող ավանում։

Չցանկանալով այդքան հեռու գնալ՝ Ազգային խորհուրդը որոշեց չարտոնված հանրահավաքն, այնուամենայնիվ, կենտրոնում անցկացնել։ Ավելի հստակ՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմաց, երկաթուղային կայարանի մոտ։ Իշխանություններն, իրենց հերթին, զգուշացրին, որ ցրելու են հանրահավաքը։

Ինչպես հայտնում է jam-news-ը, հանրահավաքից մի քանի օր առաջ ընդդիմությունը սկսեց բողոք արտահայտել Ազգային խորհրդի անդամների ձերբակալությունների կապակցությամբ։ Հանրահավաքը պետք է կայանար հոկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին։ Հենց այդ օրն առավոտից մետրոյի հարևանությամբ գտնվող հրապարակն ու դրան հարող թաղամասերը շղթայվել էին ոստիկանության աշխատակիցների և հատուկ ջոկատայինների կողմից։

«Մայիսի 28» և մի քանի այլ կից կայարաններ ժամանակավորապես փակվել էին։ Ողջ կենտրոնում և հարակից թաղամասերում ինտերնետն անջատվել էր։ Անգամ կենտրոնական կինոթատրոններում չեղարկվել էին կինոդիտումները։

Հանրահավաքի անցկացման ժամի մոտենալուն զուգահեռ իրավիճակը լարվում էր։ Սկսվեցին ցուցարարների զանգվածային ձերբակալություններ։ Ազգային խորհրդի մեջ մտնող «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ձերբակալվեց տնից դուրս գալիս։

Ձերբակալել են նաև Ազգային խորհրդի համակարգման կենտրոնի անդամներ Վահիդ Մագերամլին և Թոֆիգ Յագուբլուն։ Ըստ նախնական տվյալների՝ ընդհանուր առմամբ, ոստիկանությունը մոտ 100 մարդ է ձերբակալել։

Իսկ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Բաքվի Նիզամիի փողոցում ֆեմինիստներն ակցիա են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:
Ակցիայի մասնակիցները բողոքել են ընտանեկան բռնության դեմ և պահանջել են կանանց իրավունքների պաշտպանություն: Հաղորդվում է, որ ոստիկանները կոշտ ձևով ցրել են չթույլատրված ակցիան և մի քանի մասնակցի բերման ենթարկել: Նրանք նաև պատռել են կանանց պարզած պաստառները:

Ալիևի ռեժիմը, ինչպես նկատում ենք, կոշտ ձևով արձագանքում է երկրում ցանկացած հավաքի: Ալիևի մտավախությունները, ըստ երևույթին, հիմնավոր են: Նա մահու չափ սարսափում է, որ կարող է իշխանություն կորցնել:

Թամար Բագրատունի

hayeli.am