Անգլիայում 19-րդ դարում ամուսնալուծվելը թանկ հաճույք էր, այդ իսկ պատճառով ամուսինները կանանց վաճառում էին աճուրդով

166

Այսօր եթե որևէ մեկը համարձակվի կանանց իրավունքները ոտնահարել, աշխարհի ֆեմինիստներն անհապաղ միջոցներ կձեռնարկեն, սակայն առաջ ամեն ինչ այլ էր: Ամուսնությունից հետո կանայք, ըստ էության, դառնում էին ամուսինների սեփականությունը, իսկ վերջիններս կանանց հետ անում էին ամենը, ինչ ցանկանում էին: Անգլիայում, օրինակ, երբ կանայք սկսում էին ձանձրացնել ամուսիններին, նրանց պարզապես վաճառում էին: Ի դեպ, խոսքը գնում է ոչ թե հեռավոր միջնադարի, այլ XVIII-XIX դարերի մասին:

Կազմակերպվում էր աճուրդ: Ամուսինը շնաթոկով կապված կնոջը հրապարակ էր տանում և սկսում առևտուրը: Կինը բաժին էր հասնում նրան, ով ամենաբարձր գինն էր առաջարկում: Այս գործընթացը հրաշալիորեն նկարագրել է Թոմաս Հարդին իր 1886թ. գրած «Քաղաքապետ Քեսթերբրիջը» վեպում: Գլխավոր հերոսը վաճառում է կնոջը, ինչից հետո խղճի խայթի պատճառով հայտնվում է գերեզմանում:

Ամենավաղ գրանցված վաճառքներից մեկը տեղի է ունեցել 1733թ., որի մասին հայտնի է դարձել, քանի որ թերթերն ակտիվորեն լուսաբանել են իրադարձությունը: Ոմն Սամուել Ուայթհաուս հավատարիմ կնոջը՝ Մերի Ուայթհաուսին, վաճառել է մեկ ֆունտ ստեռլինգով: Գնորդը՝ պարոն Գրիֆիթսը, պարտավորվում էր «ընդունել կնոջն իր բոլոր թերություններով հանդերձ»:

Եվս մեկ կին վաճառքի է հանվել սկզբնական մեկ պենի գնով: Զարմանալի չէ, որ ֆերմերները վիճում էին՝ ցանկանալով ձեռք բերել կնոջը: Արդյունքում կինը վաճառվեց հինգ շիլինգով:

Առավել մեծ տարածում այս երևույթն ունեցել է 1780-1850թթ.: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Անգլիայում 1753թ. ընդունեցին ամուսնության մասին օրենք. մինչ այդ կնոջ և տղամարդու միությունը չէր գրանցվում: Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ամուսնալուծությունը թանկ հաճույք դարձավ: Ամուսնալուծվել կարողանում էին միայն ունևորները: Եվ այդժամ կանանց՝ հրապարակում վաճառելը պարզագույն եղանակը դարձավ իրարից ազատվելու: Իշխանություններն այս երևույթը չէին ընդունում, սակայն գրեթե միշտ աչք էին փակում դրա վրա:

Դեպքերի մեծ մասում կանանց վաճառքը կատարվում էր փոխադարձ համաձայնության արդյունքում: Սովորաբար կնոջը գնում էր իր իսկ սիրեկանը սիմվոլիկ գնով: Հաճախ էին պատահում նաև դեպքեր, երբ գործարքը կնքելուց հետո ամուսինը, նախկին կինն ու գնորդը գնում էին մոտակա գինետուն՝ վաճառքը նշելու:

1830թ. Մանչեսթերում զավեշտալի դեպք գրանցվեց: Ամուսինը սկսել էր վաճառքի գործընթացը, սակայն կեսից դադարեցրել՝ որոշելով ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կար: Սակայն կինը սկսել է նրան հարվածներ հասցնել և բղավել. «Ես պետք է վաճառվեմ, ես դադար եմ ցանկանում»:

blognews.am