Դիմակավորված ավազակային հարձակում՝ Շիրակի մարզում. Գյումրիում 2 ճիվաղ ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

311

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հոկտեմբերի 20-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ հարմարեցրած բանալիով բացել են Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի շենքերից մեկի՝ 70-ամյա Սուսաննա Բ-ի բնակարանի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Սուսաննա Բ-ի՝ ոստիկաններին և քննիչներին հայտնած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև հյուրասենյակում գտնվող պահարաններից մեկից հափշտակել 40 հազար դրամ, ոսկյա մատանի, իսկ մեկ այլ պահարանից՝ մեկ այլ ոսկյա մատանի, այնուհետև ննջասենյակում դված պայուսակից հափշտակել են 15 հազար դրամ և դիմել փախուստի։

Սուսաննա Բ-ն «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչ Սամվելյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/21/1138472/