«Չխանգարելով ընթացքին՝ Յանան տնտեսում է ֆիլմի վրա ծախսվող գումարը»․ Սարգիս Գրիգորյանը՝ «Վերադարձ» նոր ֆիլմի, դստեր հետ հեշտ աշխատանքի ու գործընկերների արձագանքի մասին

159

Սարգիս Գրիգորյանն այս ընթացքում դստեր՝ Յանայի հետ նկարահանվում է հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորը Արման Գևորգյանն է։ Ֆիլմում նկարահանվել են հայազգի երաժիշտ Յուրի Մելիքովը, դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանը, Սարգիս Գրիգորյանը, Դիանա Մալենկոը, Լուիզա Ղամբարյանը և այլք։

Իր նոր կերպարի և նախագծում դստեր հետ համագործակցության մասին Սարգիսը պատմել է Tert.am Life-ին։

««Վերադարձ»-ը գեղարվեստական նոր ֆիլմ է, որի հերոսները սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն են։ Նրանք մերօրյա խնդիրներ։ Հերոսներն ինչ-որ չափով կարողանում են երջանկություն, հանգստություն վերագտնել իրենց մայր հողում՝ Հայաստանում։  Բավականին հետաքրքիր պատմություն է մեր այն հայրենակիցների մասին, որոնք կյանքի բերումով հայրենիքից հեռու են ապրել։ Իմ և գլխավոր հերոսի՝ Յուրի Մելիքովի ճակատագիրը հատվում է մի տեսարանում, որտեղ ես նրան մեկ բառ եմ ասում՝ շնորհակալություն»,- պատմեց Սարգիսը։

Դերասանը նշեց, որ առաջարկն ընդունել է սցենարին ծանոթանալուց անմիջապես հետո։ Միանգամից համաձայնելու պատճառը, ըստ Սարգսի,  կերպարի բնավորության գծերն են, որոնք դերասանին շատ հոգեհարազատ են։

«Կան դերեր, որոնք սցենարն ընթերցելիս զգում ես, որ քեզանից լավ ոչ ոք չէր խաղա։ Նման կարծիք ուներ նաև ռեժիսորի՝ Արման Գևորգյանի և պրոդյուսերի՝ Արթուր Ջուլակյանի մոտ։ Բան չունեմ ասելու, էլի դերասաններ կլինեին, որ կխաղային այս դերը, բայց Անդրանիկի կեպարը ինձ շատհոգեհարազատ էր։ Նրա մեջ կա բողոք դեպի պատերազմը, անչափ մեծ սեր ու նվիրվածություն ընտանիքի հանդեպ։ Սրանք հատկանիշներ են, որոնք դերերից դուրս էլ շատ եմ կարևորում, դրանք դիտողին փոխանցելը, կարծում եմ, առավել հեշտ կլիներ»,- նշեց դերասանը։

Գործընկերների հետ համագործակցության մասին խոսելով՝ Սարգիսն ասաց․ «Մասնագիտությանս մեջ բավականին երկար ճանապարհ եմ անցել: Դաշտում, երևի, չկան այնպիսի դեմքեր, որոնց հետ նոր պետք է համագործակցեմ։ Թե՛ ռեժիսորի, թե՛ օպերատորի, թե՛ դերասանների մեծ մասի հետ նախկինում համագործակցել ենք։ Այս գաղափարի շուրջ հավաքվել են իրենց գործի գիտակ, պրոֆեսիոնալ, սկզբունքային մարդիկ։ Գեղարվեստական ֆիլմի դեպքում պատասխանատվության զգացումը մի քանի անգամ ավելի շատ է, բայց մենք մեկ շնչով արեցինք աշխատանքը»։

Արդեն երրորդ ֆիլմում անընդմեջ Սարգսի խաղընկերն է նրա դուստրը՝ Յանան։ Դերասանը նախկինում Յանայի հետ նկարահանվել է «Դեպի վայրէջք» և «Ա․Կ․Ա․» նախագծերում։

«Որպես Յանայի հետ նկարահանման հրապարակում աշխատող դերասան՝  կարող եմ ասել, որ նրա մեջ կա մեծ ցանկություն, ունի բնավորության այնպիսի գծեր, որոնք իրեն շատ կօգնեն այս մասնագիտության մեջ։ Յանան համառ է: Երբ իր մոտ ինչ-որ բան չի ստացվում, ոչ թե ընկճվում է, այլ  ուզում պապային և բոլորին ապացուցել, որ կստացվի։ Եթե նա իր տեսակով այդպիսին չլիներ, ես իրեն չէի թողնի մտնել արվեստի ոլորտ։ Իմ անցած ճանապարհի ընթացքում շատ մարդկանց եմ հանդիպել, որոնք, չնայած նպաստավոր  հանգամանքներին, հաջողության հասնել չեն կարողացել, որովհետև չեն ունեցել բնավորության անհրաժեշտ գծեր, համառությունն իսկապես շատ կարևոր է,- ասաց դերասանն ու հավելեց, որ դստեր մոտ բնավորության այդ գծերն ամրապնդվում են,- Յանայի հետ համագործակցությունից բոլորը գոհ են, համենայն դեպս, այդպես էին ասում: Չեմ կարծում, որ կեղծավորոթյուն են անում»։

Սարգսի խոսքով՝ սովորաբար երեխաները նկարահանման տեմպը դանդաղեցնում են, սակայն Յանան ամեն ինչ արել է, որպեսզի մյուսների աշխատանքը չտուժի․ «Նկարահանման հրապարակում երեխաների հետ շատ դժվար է, բայց նա իր պահվածքով չի թողել, որ որևէ մեկը դժվարություն զգա։ Գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ամեն րոպեն փող արժե, ընդ որում՝ բավականին թանկ, Յանան, կարելի է ասել, այդ փողերը տնտեսել է»։

tert.am