«Չեմ ուզում անդառնալի կորստից հետո արժևորենք մեր ամենաթանկ մարդկանց»․ Սրբուկի հուզիչ գրառումն իր հայրիկի հիշատակին

304

Երգչուհի Սրբուկն Ինստագրամի իր էջում հրապարակել է հայրիկի լուսանկարը և գրառում արել նրա հիշատակին:

«Չեմ ուզում միայն անդառնալի կորստից հետո արժևորենք և կարևորենք այն մարդկանց, ովքեր մեր կյանքում, թերևս, ամենաթանկն են։ Կարոտն անտանելի էր ու է… Ներաշխարհս ալեկոծված ու փոթորկված էր ու է… Անզորության զգացումն էլ բթացնում ու, միևնույն ժամանակ, ավելի ու ավելի է սրում կարոտի զգացումը…

Այսօր լրացավ հայրիկիս մահվան 1 տարին… 1 տարի առանց քեզ ու քեզ հետ, պապ…

Ոչ մի վայրկյան չեմ կարողանում համակերպվել ու հաշտվել այն մտքին, որ ֆիզիկական ներկայությունդ էլ երբեք չեմ զգալու, որ տուն մտնելիս սովորականի պես չես կանչելու ինձ ու գիրկդ առնես, որ էլ չեմ մանկանալու քո տաք ու ջերմ գրկում։ Իմ ուժ, իմ մանկության հերոս… Եթե հիմա իմանայիր, թե որքան եմ կարոտել քեզ, թե որքան եմ ուզում ժամանակի անիվը հետ պտտել ու ասել, թե ինչքան եմ քեզ սիրում, որքա՜ն թանկ ես ինձ համար, որքան հպարտ եմ, որ պատիվ ունեմ կոչվելու հենց քո աղջիկը։

Իմ անմար լույսն ես դու, պապ, լույս, որին նույնիսկ հիվանդությունը չկարողացավ խամրեցնել… Տվածդ խոստումները մնացին անկատար, պապ, դրանք կենդանություն են առնում միայն պատկերացումներիս ու երևակայությանս մեջ` ստիպելով ինձ հաճախ կտրվել իրականությունից ու հատել երկրայինի սահմանը։ Քո հավատն իմ հանդեպ այնքան զորեղ ու մաքուր էր, որ կարծես մղիչ ուժ լիներ հասնելու երազանքներիս։

Ճանաչում էիր ինձ բոլորից լավ ու վստահեցնում, որ նույնիսկ թվացյալ անհնարինը կարող եմ հնարավոր դարձնել, եթե հավատամ ու սիրեմ։ Ոչ ոք ու ոչինչ չի կարող խլել մեզնից կախարդական, տիեզերական, այն անբացատրելի կապը, որ ունենք միմյանց հանդեպ։

Ինչ խոսք, մահն էլ ճաշակ ունի, իմ սիրուն պապա»։

tert.am