«Օդի տուրքը կհանվի բոլոր ավիաընկերությունների համար». վարչապետ

116

«Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020-ի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից՝ նաև Բեռլինից Երևան: Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն վաճառքի տոմսեր կային: Հիմա՝ Երևանից Հռոմ և Միլան 30-ից 56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնե՞լ, այո՞»,- կառավարության նիստում դիմելով փոխվարչապետ Տ. Ավինյանին՝ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդհանուր առմամբ 4 ուղղությամբ թռիչքներ ենք ունենալու: Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները՝ 2020-ի հունվարի 28-ի համար, 35.88 եվրո է մի ուղղությամբ ու հետադարձը նույն գինն է»,- արձագանքեց փոխվարչապետը:

«Ինչքան հասկացա՝ այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չի վերցնե՞լ»,- հարցրեց կառավարության ղեկավարը: Ավինյանն ասաց՝ հնարավոր է, եթե այդ և այլ ծառայությունների համար հավելյալ վճարումներ կատարվեն:

Նիկոլ Փաշինյանը վերջում հայտարարեց կառավարության սկզբունքային որոշման մասին. «Այն ուղղություններով, որը վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել ու չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի»: