Ինչպես եք գնահատում Հայկ Մարությանի մեկ տարին

413

Հայկ Մարությանը իր պաշտոնավարման մեկ տարին կամփոփի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Իհարկե, հանրությանը հաշվետու լինելու ձգտումը փնովման ենթակա ցանկություն չի կարող դիտարկվել ոչ մի դեպքում, միայն թե մնում է կռահել, թե հատկապես ինչն է փորձելու Մարությանն ամփոփել մի պարագայում, երբ ոչ միայն չեն վերացել քաղաքամայրն ապրելու ու արարելու համար անպիտան վայր դարձնող կնճռոտ խնդիրները, այլև հներին ավելացել են նորերը:

 

Իսկ ի՞նչ էր խոստացել Հայկ Մարությանը:  Նա խոստանում էր մաքրել Երևանը, լուծել տրանսպորտի խնդիրը, վերացնել երևանցիներին հոգեհան անող կարմիր գծերը, անհաշտ պայքար մղել ապօրինի շինարարության դեմ, բարելավել, մասնավորապես, պոլիկլինիկաների շենքային պայմանները, վերանորոգել վերելակները,  կառուցել մետրոյի նոր կայարան, ունենալ կանաչապատ Երևան և այլն: Ընդ որում՝ սեփական խոստումներն է՛լ ավելի ազդու դարձնելու համար Երևանը Կովկասի մարգարիտ դարձնել խոստացող հեղափոխական Մարությանը հավաստիացնում էր, որ այդ ամենը պատրաստվում է կյանքի կոչել բացառապես քաղաքի բյուջեն խնայելով, ամեն մի լումայի վրա դողալով: Կարճ ասած՝ խոստանում էր դառնալ քաղաքի պատմության ամենաականավոր քաղաքապետն ու անել դա նվազագույն ծախսերով:

Եթե փորձենք մի փոքր առաջ ընկնել քաղաքապետից ու ամփոփել նրա պաշտոնավարման մեկ տարին, ապա միանգամից պետք է արձանագրենք, որ խոստումների մեծագույն մասը, առնվազը ներկա պահի դրությամբ, օդից կախված կարգավիճակում են հայտնվել:

Իսկ հիմա հերթով:

Աղբահանության խնդիր. դժվար է, թերևս, մտաբերել  ևս մեկ այլ ժամանակաշրջան, երբ այս խնդիրն այնքան անկառավարելի դարձած լինի քաղաքային իշխանությունների համար, որքան Մարությանի օրոք: Երևանցին այդպես էլ չկարողացավ մինչև վերջ պարզել՝ քաղաքում ստեղծված հակահիգիենիկ վիճակի վերջնական պատասխանատուն ով է: Ներկա պահի դրությամբ հայտնի է, որ Մարությանը միակողմանիորեն խզում է «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը, ինչին ի պատասխան «Սանիթեքը» հայտարարում է արբիտրաժ դիմելու մասին՝ խոստանալով՝ քաղաքապետարանը թանկ է վճարելու իր հետ նման կերպ վարվելու համար: Իր հերթին Մարությանը, մեկնաբանելով իրավիճակը, օրերս հայտարարել էր, թե իրենք չեն վախենում «Սանիթեքից» և միաժամանակ տեղեկացրել, որ Երևանի աղբահանությունը իրականացնող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվում է թե՛ կազմով, թե՛ տեխնիկայով՝ ներկայացնելով ինչ-որ թվեր։

Միաժամանակ հիշարժան է Մարությանի՝ «ԿամԱԶ»–ների հետ կապված սկանդալային պատմության կիզակետում հայտնվելու փաստը: Միայն թե արձանագրենք, որ մինչ օրս էլ, չգիտես ինչու, այդ  ամենը չի արժանացել պատկան մարմինների պատշաճ ուշադրությանը՝ չնայած այնտեղ ակնհայտորեն առկա կոռուպցիոն ռիսկերին: Կարճ ասած՝ գզվրտոց, սկանդալներ,  բողոքի ակցիաներ, դատական քաշքշուկներ, իսկական քաոս՝ ահա այն բնութագրիչների միայն մի փոքր մասը, որը բնորոշում  է վերջին մեկ տարվա աղբահանության խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը Երևան քաղաքում:

Հաջորդ խոստումը, ինչպես նշվեց, վերաբերում էր հասարակական տրանսպորտի խնդրին, որի ուղղությամբ գործնականում ոչինչ չի արվել: Տրանսպորտով երթևեկելն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մնում  է նվաստացուցիչ գործողություն: Երթուղայիններում կքանստած երթևեկելը Մարությանի օրոք նույնպես, հակառակ բարձրագոչ խոստումների, մնում  է երևանցու կենցաղի բնութագրիչ կողմերից մեկը: Նույնիսկ երթևեկության համար վճարման կարգը չեն ցանկանում փոխել, երբ ի տարբերություն աշխարհի բազմաթիվ նորմալ քաղաքների բնակիչների, երևանցին երթևեկության գումարը մինչև հիմա փոխանցում է անձամբ վարորդին՝ է՛լ չասած պահանջվող քանակությամբ ավտոբուսներով տրանսպորտային պարկը համալրելու և քաղաքը հնամաշ տրանսպորտային միջոցներից ձերբազատելու մասին:

Ի դեպ, Մարությանը, խոսելով, մասնավորապես, տրանսպորտային խնդիրների լուծման մասին,  մի առիթով բացահայտել էր, որ իր խոստումները վերաբերել են իր պաշտոնավարման ողջ շրջանին, և եթե երևանցիները ցանկանում են իսկապես դրական փոփոխություններ տեսնել, ապա պետք է զինվեն համբերությամբ, իրեն տան ժամանակ՝ 4-5 տարի:

Կարմիր գծերն, առհասարակ, առանձին պատմություն են: Դրանք Երևանի փողոցներից առհավետ ջնջել խոստացող Մարությանը, պարզվում է, ամիսներ անց երևանցիների գլխին «լոլոներ էր կարդալու» դրանց օգտակարության մասին՝ հայտարարելով. «Կարմիր գծերի և այդ կայանումների գումարները գնում են քաղաքային բյուջե, և ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանցով»:

Ապօրինի շինարարության դեմ անհաշտ պայքարը նույնպես քաղաքապետի նախընտրական խոստումների շարքից էր: Այս ուղղությամբ նույնպես ի հայտ են եկել ավելի շատ խնդիրներ, քան լուծվել են. փորձելով գոնե այս հարցում հուսախաբ չանել երևանցիներին՝ Մարությանն «ունքը սարքելու փոխարեն աչքն է հանել»՝ հաջողացնելով քանդել ամբողջությամբ օրինական կառուցված շինություններ, հայտնվել դատական գործընթացների մեջ, պարտվել ու պարտավորվել փոխհատուցում տրամադրել տուժող կողմերին, բնականաբար, հարկատուներիս հաշվին: Ավելին՝ քաղաքապետարանը հասցրել է ապօրինի շինարարության բազմաթիվ թույլտվություններ տրամադրել: Այս մասին, ի դեպ, միառժամանակ առաջ ահազանգել էին ավագանու ընդդիմադիր  մի շարք ներկայացուցիչներ:

Պոլիկլինիկաների շենքային  պայմանների բարելավման մասով էլ, ցավոք, պետք է արձանագրենք, որ պրակտիկորեն ոչինչ չի արվել, դրանք չեն վերանորոգվել ու հույս էլ չկա, որ այս ուղղությամբ կարող է ինչ-որ բան արվել: Այնինչ, ինչպես հայտնի է, դա մի հարց է, որն անմիջականորեն առնչվում է երևանցիների կյանքի որակին ու ապահովությանը:

Մարությանի երևանցիներին տված խոստումներից մեկն էլ, մասնավորապես, բազմաբնակարան շենքերի վերելակների հարցին էր վերաբերում: Քաղաքապետ դառնալ երազող Մարությանը նախընտրական շրջանում Երևանի բակերով անցնելիս խոստանում էր անպայմանորեն խնդիրը լուծել ամենասեղմ ժամկետներում և, բնականաբար, քաղաքապետարանի բյուջեի հաշվին: Այնինչ այսօր ոչ միայն խնդիրը շարունակում է առկախված մնալ, այլև քաղաքապետարանը բաց տեքստով հայտարարել է, որ եթե բնակիչները ցանկանում են անվտանգ «վերև-ներքև անել», վայելել վերելակից օգտվելու հաճույքը, ապա դրանց վերանորոգման համար պետք է վճարեն անձամբ. բյուջեում փող չկա:

Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայարան կառուցելու վերաբերյալ համարձակ խոստումներին, ապա կարող ենք արձանագրել, որ դրանց իրականություն դառնալու հավանականությունն առնվազը ներկա դրությամբ հավասարվում է զրոյի: Ճիշտ է՝ նոր կայարանի կառուցումը մեկ տարվա գործ չէ, սակայն նախնական քայլեր էլ կարծես չեն արվում. մի մետր հող անգամ չեն փորել, Հրազդանի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծի գոյության մասին նույնպես ոչինչ հայտնի չէ:

Իսկ ահա կանաչապատ Երևան ունենալու խոստման նյութական դրսևորումը ևս, մեղմ ասած, կասկածելի է: Խնդրին ակնհայտորեն բավարար ուշադրություն չի հատկացվում, և եթե կանաչ տարածքների հիմնման ու պահպանման համար բյուջետային հատկացումները նախորդ տարի կազմում էին մոտ 3,5 մլն դոլար, ապա 2019-ին այդ նպատակով նախատեսված է ընդամենը 2 մլն դոլարից քիչ ավել գումար, և սա այն դեպքում, երբ ժամանակին Մարությանը խոստացել էր կես միլիոն ծառ տնկել Երևան քաղաքում:  Ի՞նչ պատահեց,  Երևանում աճող ծառերի քանա՞կն էր շփոթել Մարությանը՝ իրավիճակը դիտավորյալ խեղաթյուրված ներկայացնելով ու դրա վրա երևանցիների հոգեբանության հետ խաղալով, թե՞ խնդիրն այլևս դասվել է անկարևորների շարքին…

2019-ի սկիզբն էր, երբ քաղաքապետարանի չինովնիկները սկսեցին խոսել Օպերայի հարակից սրճարանների փակման, դրանց ապամոնտաժման մասին: Ասվում էր, որ դրանք իբր խիստ անհամահունչ են միջավայրին, ու որպեսզի Երևանը դառնա իսկապես «թանգարան բաց երկնքի տակ», սրճարանները պետք է ապամոնտաժվեն: Ընդ որում՝ նկատենք, որ այդ խիստ կասկածելի ձեռնարկը կյանքի կոչելու ողջ շրջանում Մարությանն այդպես էլ չբարեհաճեց հանդիպել կամ առերեսվել ապամոնտաժման դեմ իրենց արդարացի բողոքն արտահայտող աշխատավոր ժողովրդի հետ մի դեպքում, երբ բողոքի ալիքը բնավ փոքր չէր, և խնդիրը ձեռք էր բերել բավական մեծ մասշտաբներ՝ իր հիմքում ունենալով, ըստ էության, սոցիալական դրդապատճառներ: Այն նորհայաստանյան պայմաններում առաջին լուրջ բողոքն էր ընդդեմ իշխանության:

Այն մասին, թե ինչո՞ւ դա արվեց, կան բազմաթիվ վարկածներ, այդ թվում նաև քաղաքական ենթատեքստ կրող: Փաստ է, սակայն, որ ցայսօր անհասկանալի է մնում ընտրողական այդ մոտեցման իմաստը  նույն քաղաքաշինական տեսանկյունից: Ինչո՞ւ պետք է մի մասը քանդվեր, իսկ ահա մյուս մասը շարունակեր գործել: Եթե քանդում էին, թող կա՛մ բոլորը քանդեին, կա՛մ ոչ մեկին ձեռք չտային: Ի՞նչ խնդիր էր Մարությանը  Օպերայի հարակից տարածքների բարեկարգման անվան տակ կատարում, պատվե՞ր էր կատարում, թե՞ դրանով ջանում էր ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ապացուցել՝ այդպես էլ անհայտ մնաց:

Ինչ վերաբերում է պետական փողերը խնայելու մասին Մարությանի խոստումներին, որոնք կարմիր գծով անցնում էին նրա նախընտրական քարոզարշավի ողջ շրջանում, ապա միայն պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով 2019-ի բյուջեով մոտ 2 մլրդ դրամի հասնող միջոցների տրամադրումը հուշում է, որ ինչպես մնացյալ բոլոր դեպքերում այս պարագայում նույնպես խոսքերը հակասության մեջ են մտնում գործողությունների հետ: Իսկ ահա կոռուպցիան արմատախիլ անելու քողի տակ քաղաքապետարանի աշխատակիցների ախատավարձերի անբնական բարձրացման մասին խոսելն իսկ ավելորդ է. մարդն ինքն իրեն կլորիկ գումար կազմող աշխատավարձ է նշանակել, որ կաշառք վերցնելու գայթակղություն չունենա:

Ահա և Հայկ Մարությանի մեկ տարվա համառոտ, բայց հիասթափեցնող նկարագիրը:

Հետաքրքիր է, երբ երևանցիները մոտ 80%-անոց վստահության քվե էին շռայլում Նիկոլ Փաշինյանի զինակցին, պատկերացնո՞ւմ էին, որ մեկ տարի հետո կանգնելու են «կոտրած տաշտակի առաջ», փաստացի տրված, բայց այդպես էլ կյանքի չկոչված խոստումերին դեմ հանդիման: Դժվար թե: Այնինչ հիմա ուզած-չուզած պետք է համակերպվեն խոստումներ շռայլել սիրող, բայց դրանք կյանքի կոչել չշտապող նախկին հումորիստի ղեկավարմանը հատուկ տհաճ նյուանսների  հետ. օրենքն է պարտադրում:

Արմեն Կարեյան

tert.am