Բժիշկները շոկի մեջ են. կինը երեխա ունենալուց մեկ ամիս անց ծննդաբերել է երկրորդ անգամ՝ այս անգամ երկվորյակ երեխաներ ունենալով (Photo)

400

Բանգլադեշում կինը ծննդաբերությունից մեկ ամիս անց դիմել է բժշկի ու ծննդաբերել երկրորդ անգամ՝ այս անգամ ունենալով երկվորյակ երեխաներ։ Այս մասին գրել է BBC-ն՝ նշելով, որ բժիշկներն ուղղակի հայտնվել են շոկի մեջ, քանի որ իրենց պրակտիկայում նման բան երբևէ չի պատահել։

Արիֆա Սուլթանան՝ հերոս մայրը, 20-ամյա բանգլադեշցի է, ով վստահ էր, որ հղի է, բայց ունենալու է ընդամենը մեկ երեխա։ Նա իր տղային ունենալուց հետո ամուսնու հետ հանգիստ տուն է վերադարձել՝ վստահ լինելով, որ իրենց միակ զավակն արդեն ծնվել է, սակայն ընդամենը 26 օր անց նրա մոտ նորից ցավեր են սկսվել։ Այս անգամ վստահ լինելով, որ դրանք ուղղակի ստամոքսի ցավեր են, Արիֆան դիմել է բժշկի՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է անել ցավերը վերացնելու համար։ Բժշկի դիմելուց հետո նրան ուլտրաձայնային հետազոտություն են արել ու տեսել, որ Արիֆան ևս երկու երեխայի դեռ պետք է ծննդաբերի՝ աղջիկ և տղա։

Երկվորյակները ծնվել են առողջ, ու Արիֆայի մոտ ոչ մի բարդություն չի առաջացել, սակայն սա չի քչացրել բժիշկների շոկն այս միջադեպի հետ կապված։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Արիֆայի մոտ հազվագյուտ մի երևույթի առկայություն կա․ նա ունի երկու արգանդ։ Կրկնակի արգանդը արգանդի զարգացման շեղումներից է, երբ արգանդը երկու հավասարաչափ մասի է բաժանվում, ու այն հնարավոր է ունենա նորից արգանդի վզիկ։ Այս դեպքում երկու տարբեր պտուղներ կարող են զարգանալ երկու տարբեր արգանդներում։ Հիմնականում նման շեղվածությունները կարող են մեծ բարդություններ առաջացնել, սակայն մեր հերոսուհու պարագայում այդպիսի բան տեղի չի ունեցել։

Պատմությունը աբսուրդի է հասնում, երբ ուղղակի հարց է առաջանում. մի՞թե նախորդ հետազոտությունների ժամանակ բժիշկները չեն նկատել, որ կինը պետք է ունենա 3 երեխա։ Պարզվում է՝ Արիֆա Սուլթանայի ամուսնու ընտանիքը չափազանց աղքատ է։ Կինը չի կարողացել ամբողջ հղիության ընթացքում որևէ հետազոտության գնալ և նախընտրել է ծննդաբերել առաջին տղային իրենց գյուղի փոքր հիվանդանոցում։ Այսպես էլ հենց պարզ չի դարձել, որ նա դեռ ևս երկու երեխա պետք է լույս աշխարհ բերի։

Բժիշկները նշում են, որ կնոջ բախտը բերել է, որ կարողացել է ճիշտ պահին հիվանդանոց դիմել ու այդ անգամ՝ ուրիշ հիվանդանոց, որտեղ բժիշկներն ավելի պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել ու կարողացել են ճիշտ կողմնորոշվել։

Այժմ ընտանիքը երջանիկ է՝ համալրված միանգամից 3 երեխայով՝ 2 տղայով և 1 աղջկանով։ Զույգը նշում է, որ սա իրենց համար նաև կարևոր դաս էր, որ հետագայում ավելի ուշադիր լինեն նման հարցերում։

blognews.am