Պարզեցիք, որ 1995 թ.Սահմանադրությունը կեղծիքներով էր ընդունվել, իսկ 1996 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել ՀՀ նախագահ՝ Վազգեն Մանուկյա՞նն է ՀՀ նախագահ նշանակվելու

206

«Ուզում է նոր հանգամանքներ գան, ուզում է հին հանգամանքներ գան, անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել այն դեպքում, երբ անցել են պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված ժամկետները, բայց մենք տեսնում ենք, որ ժամկետները անցնելուց հետո անհասկանալի պատճառներով, այնուամենայնիվ, քրեական գործեր են հարուցվում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում նկատվող միտմանը, երբ տարբեր քրեական գործեր են հարուցվում ՝ անկախ վաղեմության ժամկետից։

Փաստաբանի խոսքով, կան դեպքեր, երբ որոշումներ են կայացվում ՝ անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Վարոսյանը նկատում է՝ բոլոր նման գործերում քաղաքական ենթատեքստ է նկատվում։ «Երեւի հաղորդագրություն տարածելու համար է այդ ամենը արվում, ես իմաստը չեմ հասկանում»,-նշում է փաստաբանը։

 

Քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետներն անցած լինելու դեպքում, առհասարակ, գործի վարույթը կարճվում է։ Այդ հիմքով, օրինակ, վերջերս կարճվեց Կոտայքի նախկին մարզպետի եւ Հրազդանի նախկին քաղաքապետի վերաբերյալ քրեական գործը։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, դատելով վաղեմության ժամկետի հետ խնդիր ունեցող գործերի հարուցման միտումից, հնարավոր է արդյոք, որ իշխանությունը վաղեմության ժամկետի երկարացման կամ առհասարակ, դրա վերացման ճանապարհով գնա, Երվանդ վարոսյանը արձագանքեց. «Վերջին անգամ դա արել է Խրուշչովը՝ սպեկուլյանտների գործով, երբ նա շատ էր ուզում, որ տարադրամային սպեկուլյանտները գնդակահարվեն, բայց դրա համար չկար համապատասխան օրենք եւ նա օրենքը խստացրեց ու սպեկուլյանտներին գնդակահարեց՝ օրենքին տալով հետադարձ ուժ»։


Ի դեպ, արդարադատության նախարարության ներկայացրած ՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրով անցումային արդարադատության գործիքակազմ է նախատեսվում, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որն ուսումնասիրելու է 1991-2018 թթ. ժամանակաշրջանում տեղի ունեցած ՄԻ զանգվածային խախտումների դեպքերը։
Փաստաբանը չի հասկանում այս գաղափարի նպատակը, շեշտում է՝ այստեղ իրավական գործընթաց չկա։

«Չեմ կարծում, որ այդ ամենը ինքն իրենով իրավական նպատակներ է հետապնդում կամ իրավական գործընթաց է, որովհետեւ դրա իմաստը չկա։ Եթե որոշում կայացվեր ստեղծել պատմաբանների խումբ, որը հստակ գնահատական պետք է տար տեղի ունեցածին, ես կփորձեի հասկանալ, բայց այս պարագայում ես չեմ կարողանում հասկանալ, թե դրա նպատակը որն է, վերջնակետը չկա՝ դեպի ուր ենք գնում։ Ընդունենք, ուսումնասիրեցին ու պարզեցին այն, ինչ բոլորս գիտենք, որ 1995 թվականի Սահմանադրությունը կեղծիքներով է ընդունվել, 1996 թվականին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել ՀՀ նախագահ։ Ի՞նչ է լինելու հետո, Վազգեն Մանուկյանին նշանակելու են նախագա՞հ։ Դա ի՞նչ է տալու մեզ՝ բացի իրար վրա ցեխ շպրտելու հերթական ալիքից», -ասում է Վարոսյանը։

Միակ բանը, ըստ փաստաբանի, այն է, որ առաջ գնալու փոխարեն իշխանությունը շարունակ հետ է նայում. «Եթե դու չունես առաջ գնալու հստակ ծրագիրը, եթե չունես քայլերի հաջորդականությունը, գուցե դա՞ է ստիպում անընդհատ նախկիններին ուսումնասիրել։ Այդ ամենը մենք պետք է անցնենք, որ առաջ գնանք։ Հատկապես, 20 տարով հետ գնալը, որը ոչ մի իրավական պրոցեսում չի էլ կարող տեղավորվել, առհասարակ իմաստ չունի »։

Ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումների նախագծի այն դրույթին, որը ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է նախատեսում, Վարոսյանն ասում է. «Դա խայտառակություն է՝ կոնկրետ քայլ կատարելու համար անձին նյութապես շահագրգռելու նախագիծ է։ Անունը ինչ է ուզում է դնեն։ Կաշառքն էլ են կամավոր տալիս ու վերցնում»։

Աղբյուր` Փաստինֆո