Տարին փոխվեց, Քոչարյանը՝ ոչ

286

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշման դեմ։ Վերաքննիչ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող պաշտպանների միջնորդությունը։

Անշուշտ, չենք ուզում քննարկել երկրորդ նախագահի պաշտպանական թիմի մարտավարությունը, մանավանդ, որ փաստաբաննները մի քանի անգամ ակնարկել են, որ նպատակ ունեն ներպետական դատական ինստանցիաները հաղթահարելով՝ գործը հացնել ՄԻԵԴ։ Իհարկե, այստեղ էլ ամեն բան միանշնակ չէ, որովհետև վերջին շրջանում Ստրասբուրգում Մարտի 1–ի գործով կայացվում են որոշումներ, որոնք, ըստ էության, փլուզում են հենց Քոչարյանի ու նրա պաշտպանական թիմի մարտավարությունը։

Սակայն մեզ ավելի հետաքրքիր է խնդրի քաղաքական բաղադրիչը, որը բացահայտում է, որ երկրորդ նախագահն ու նրա թիմը՝ գլոբալ իմաստով, զուրկ են կրեատիվ ասելիքից ու դարձյալ պարփակվում են «խափանման միջոցի փոփոխություն-ինքնաբացարկ» սարդոստյանում, որը մի կողմից էական ազդեցություն չի ունենում Քոչարյանի դատավարական կարգավիճակի վրա, մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործը մտցնում է դատավարական փակուղի՝ դրանից բխող հետևանքներով։

Քոչարյանի թիմի՝ ժամանակ ձգելու մարտավարությունը, թերևս, արդյունավետ կլիներ, եթե երկրորդ նախագահը գտնվեր ազատության մեջ, այս պարագայում՝ ավելի ակնհայտ է դառնում, որ երկրի թիվ մեկ ամաբաստանյալն անդառնալիորեն կտրվել է քաղաքական իրականությունից։

Եթե Քոչարյանի հաշվարկն այն է, որ գործող իշխանության վարկանիշն ամիսների ընթացքում անկում կապրի, ինչից նա կարող է օգտվել, ապա երկրորդ նախագահին ճիշտ չեն մատուցում այն իրավիճակը, որում գտնվում է երկիրը։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը բնական անկում ապրի, դրանից նախկին համակարգը ու մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը, բացարձակապես օգտվել չեն կարող, հակառակը՝ կարող են ամրանալ այն ուժերի դիրքերը, որոնք հեղափոխության օրակարգի ավելի արմատական ընթացք են պահանջում։ Հասարակությունը Փաշինյանից դժգոհում է ոչ թե նախկիններին պատժելու, այլ նրանց նկատմամբ հեղափոխության «թավիշը» տարածելու համար։

Եթե Քոչարյանն անգամ միջին կարգի մի կուսակցություն չի կարողանում ձևավորել, ապա երազախաբություն է հանրային աջակցություն ակնկալելը։

Մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում գրեթե ավարտվել է հետհեղափոխական ադապտացիոն փուլը, այլ խոսքով՝ Փաշինյանի իշխանության և Մոսկվայի միջև ձևավորրվել են ինստիտուցիոնալ հարաբերություններ՝ դրանք ձերբազատելով Ռոբերտ Քոչարյանի գործոնից։ Անցած ամիսներին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Պոտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի հրապարակային հայտարարությունները հենց դրա մասին էին ու կարծում եմ՝ Քոչարյանի թիմին պետք է զրկեին ավելորդ պատրանքներից։

Սակայն տարին փոխվեց, Քոչարյանը՝ ոչ։ Ու այս իրավիճակն արդեն ձանձրալի է նույնիսկ Քոչարյանի սակավաթիվ աջակիցների համար։

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի