«ԿԱՐԳԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ» ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՆ ԱՆՑԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀՈԱԿ-ՈՒՄ

3914

«Կարգին հաղորդման» դերասանները աշխատանքի են անցել քաղաքապետարանի ՀՈԱԿ-ում

Երեանի քաղաքապետ Հայկ Մարությանը դերասան իր ընկերներին եւս չի մոռացել․  «Կարգին հաղորդման» ընկերներին պաշտոն ունենալուց հետո տեղավորել է աշխատանքի։ «Կարգին հաղորդումից» հայտնի դերասան Աշոտ Մելոյանը եւ Հովհաննես Գրիգորյանն աշխատանքի են անցել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ում։

Ի դեպ, Հայկ Մարությանը առաջին անգամ չէ, որ իր ընկերներին, ծանոթներին քաղաքապետարանում տեղավորում է աշխատանքի։ Ինչպես գրել ենք, ոստիկանական համակարգի հետ սերտ կապեր ունեցող Մարությանը մի շարք նախկին ոստիկանների քաղաքապետարանում բարձր պաշտոն է տվել։
Դիմեցինք քաղաքապետարան՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեզանից գրավոր հարցում պահանջեցին։
Կապվեցինք Հովհաննես Գրիգորյանի եւ Աշոտ Մելոյանի հետ։ Վերջինս նշեց, որ արդեն 7 ամիս է՝ ՀՈԱԿ-ում է աշխատում՝ որպես քարտեզագրող հսկիչ։ Գրիգորյանն էլ նշեց՝ դժվար աշխատանք է կատարում, սակայն այլ հարցերի չպատասխանեց՝ ասելով, թե չի սիրում հարցերին պատասխանել։

Նշենք, որ «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ից պարբերաբար դժգոհում է ավագանու «Լույս» խմբակցությունը։  Այս խմբակցության ավագանու անդամները այցելել էին ամռանը այս ՀՈԱԿ եւ բացահայտել մի շարք խախտումներ։ Անի Խաչատրյանը այնտեղ իր տեսածի վերաբերյալ ասել էր․ «Կարանտինի սենյակ չունեն, դեղերի պահման պահարան դեռ չենք տեսել»։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2018 թվականի օգոստոսին միակողմանի լուծարել էր թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը, իսկ քաղաքապետարանի կողմից ստեղծված Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ը սկսել է աշխատանքը 2019 թվականի մարտին։

 

hraparak.am