ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հանրապետության հրապարակի տակ «թաքնված» քաղաքը

499

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հանրապետության հրապարակի տակ «թաքնված» քաղաքը

2003 թ-ին Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր Հանրապետության հրապարակը, երբ շինարարները հանդիպեցին պատնեշի, հրավիրվեցին հնագետների. պարզվեց՝ հրապարակի ողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են․․․

Կառույցներն ուսումնասիրել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Գրիգոր Կարախանյանը հնագետներ Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի հետ․․․

«Բացված կառույցները շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են, մի ժամանակահատվածի, որը չի ուսումնասիրվել»,-ասում է Ֆրինա Բաբայանը․․․

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655 թ-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով․․․

1679 թ-ին Երևանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որն ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»․․․

Շինություններն ավերվեցին, սակայն մնացին դրանց նկուղային հարկերը: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը․․․

Պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը` 7 սմ: Կառույցները պահպանվել են ամբողջությամբ` մուտքերով: Հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ․․․

Հայտնաբերվել են նաև Ապիրատ իշխանի կողմից 11 դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչև 19 դարը․․․

Գիտնականներն, ուսումնասիրելով շինության պատերը, կարծել են, որ դրանք, աղյուսից են, սակայն հետո պարզվեց, որ պատերը կառուցված են հավասարաչափ կտրտված տուֆի սալիկներից․․․

«Պատմական նկարագրությունների համաձայն Երևանը գյուղատիպ քաղաք է եղել` այգիներով շրջապատված, կավածեփ տներով: Կարծում եմ, պետք է լավ ուսումնասիրել մեր մշակույթը, նոր եզրակացություններ անել, վեր հանել Երևանի նոր նկարագիր»,-ասում է հնագետը․․․

Նրա կարծիքով՝ գյուղատիպ բնակավայրով չէին կարող անցնել Թիֆլիսի կամ Թավրիզի ճանապարհները, քարավանների ճանապարները․․․

1837 թ-ին Ցարական ժամանակաշրջանում սկսվեց Էրիվանի նոր նախագծի գծագրումը, որը հաստատվեց 1862 թ-ին: Հենց այդ ժամանակ էլ կառուցվեց քաղաքի հրապարակը, որի տակ անցան այս շինությունները: Այդ ժամանակ կառուցվեցին այսօրվա Արամի, Մաշտոց, Տերյան, Նալբանդյան և Հանրապետության փողոցները: Գիտնականը չի բացառում, որ այդ փողոցներում էլ կարող է պատկերը նույնը լինել․․․

Հնագետները հարց բարձրացրեցին, շինությունները պահպանելու համար, սակայն պատասխան ստացան, որ հանձնարարված է կառուցել հրապարակը, և ստիպված այն կրկին ավազով և այլ նյութերով փակվեց: «Առաջարկում էինք գոնե մի փոքր հատված պահել: Աշխարհում էլ որտե ՞ղ կա երկհարկանի հրապարակ: Դա հրաշալի տուրիստական վայր կլիներ: Մուտքերը կան, ուղիները կան, բայց նախընտրեցին փակել»․․․

 

mediainfo.am