Բանտախուցն ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն Հայաստանի լավ ապագայի. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

1103

Բանտախուցն ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն Հայաստանի լավ ապագայի. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին այսօր՝ իրենց աջակիցների հավաքի ժամանակ, ընթերցեց Քոչարյանի ուղերձը։ Դրանում ասված է.

«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ և այսօրվա միջոցառումը: Ուզում եմ նախևառաջ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ ձեր հստակ դիրքորոշման, քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար: Շնորհակալ եմ ձեզ։ Դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունն՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ:

Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «Միացի՛ր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական «բեսպրեդելի», պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը։

Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի հարյուրի հայտարարությունը։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է, և ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով և չընկերկել որևէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք՝ բանտախուցն ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն Հայաստանի լավ ապագայի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

aysor.am