Բացահայտվել է Ելցինի միակ խնդրանքը Պուտինին (Video)

601

Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը 1999 թվականին նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Վլադիմիր Պուտինին միայն մի բան է խնդրել՝ պահպանել երկիրը: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն ժամանակ Ելցինի խորհրդական Վալենտին Յումաշևը:

Յումաշևը նշել է, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց առաջ Ելցինը ցանկանում էր գտնել այնպիսի իրավահաջորդի, որն այլ սերնդից կլիներ, ազատ կլիներ խորհրդային մտածելակերպից և միաժամանակ կլիներ իր բարեփոխումների շարունակողը: Նրա համար այդպիսի մարդ դարձավ Պուտինը: Արդյունքում շատերը կարծիք էին հայտնում, որ Պուտինը Ելցինին առաջին նախագահի ընտանիքի համար անվտանգություն և անձեռնմխելիություն է խոստացել:

Յումաշևի խոսքով՝ Պուտինի և Ելցինի միջև վերջինիս ընտանիքի վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նմանատիպ խոսակցությունները նա անվանել է «կատարյալ հիմարություն»:

 

«Միակ բանը, որ խնդրել և ասել է Ելցինը Պուտինին․ «Պահպանեք Ռուսատանը»»,- մեջբերել է նախկին խորհրդականը:

Յումաշևը նշել է, որ Ելցինը՝ որպես իմաստուն քաղաքական գործիչ, հասկանում էր, որ նոր նախագահի իշխանության գալու պահից նմանատիպ բոլոր պայմանավորվածությունները վերանում են, և սկսվում է լրիվ նոր մարդու պատասխանատվության շրջան:

Նախկին խորհրդականն ավելացրել է, որ Պուտինը փորձում է կատարել իր նախորդի խնդրանքը: Նրա խոսքով՝ երկիրը տնտեսական ոլորտում քայլ առաջ է կատարել, եթե համեմատենք այն իրավիճակի հետ, որ կար 1999 թվականի վերջին:

«Սա, իհարկե, երկիր է, որն առաջ է շարժվել»,- ասել է Ելցինի նախկին խորհրդականը:

Բորիս Ելցինը հայտարարել էր նախագահական լիազորությունները վայր դնելու մասին 1999 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ամանորյա մաղթանքի ժամանակ: Նույն մաղթանքի ժամանակ նա նշել էր, որ իշխանությունը փոխանցում է Վլադիմիր Պուտինին:

blognews.am