Մարուքյանը պետք է փակի շոուն

389

cover

Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքի փոքր էկրաններին բեմադրվում է «Դավիթ Խաժակյան-սուպեր հերոս» պայմանական անունը ստացած շոուն: 

Ըստ պրոդյուսերների և պիառ աջակից թիմի, այն ավելի շատ պետք է հիշեցնի դրամա, բայց դիտողները կատակերգության տպավորություն են ստանում: Գաղափարի հեղինակների մտահղացմամբ պետք է երիտասարդից կերտել կոռուպցիայի, հովանավորչության և ամենաթողության դեմ պայքարի հերոսի կերպար: Մարդ, որ միայնակ դիմակայում է կոռուպցիոներ քաղաքապետին և ավագանուն: Հատկապես զավեշտալի է, երբ մելամաղձոտ ձայնով ներկայացնում են «Խաժակյան գումարած երկու կանանց» իբր դիմադրությունը 57 հոգանոց խմբակցությանը: Այնպես են ներկայացնում, կարծես Փաշինյանը, Մարությանը կամ ավագանու 57 հոգին են մեղավոր, որ երևանցին ընդամենը 3 տոկոս ձայն տվեց «Լույս» անվամբ կրող քաղաքական հիբրիդին: Չեն ցանկանում հաշտվել, որ երևանցին չհավատաց ընդամենը ամիսներ առաջ մերժված փեսայի ստեղծած կուսակցությանը:

Իսկ ինչու հիմա էկրաններին բարձրացավ այդ շոուն: Դա ստիպված  քայլ էր: Երկուշաբթի օրը Խաժակյանը և «կոմպանիան» հերթական գրոհը կազմակերպեցին քաղաքապետի վրա: Բայց, իրենց սովորության համաձայն, անցան չափը և արժանացան ֆեյսբուքահայության քննադատությանը, հեգնանքին և անգամ՝ վիրավորանքին: Մարուքյանը հասկացավ, որ հատկապես կանայք չափը անցել են և փորձեց տարանջատվելու իմիտացիայի շնորհիվ փրկել Խաժակյանին: Նա շտապ ասուլիս հրավիրեց և ավետեց. հնարավոր է, որ «Լուսավոր Հայաստանի» կառավարման խորհուրդը հետ կանչի Խաժակյանին: Իբր նա շատ ուժեղ գործ է անում, բայց լրագրողները չեն լուսաբանում և նրա աշխատանքը մնում է ստվերում:

Առնվազն զավեշտալի է խոսել Խաժակյանի աշխատանքները չլուսաբանելու մասին: Մի երկիր, որտեղ մեդիաների 90 տոկոսը գտնվում է նախկինների տիրապետության տակ, անիմաստ է խոսել Խաժակյանին չլուսաբանելու մասին: Նա թերևս ավելի շատ է լուսաբանվում, քան վարչապետը: Նրա «աղաղակող» բացահայտումները դառնում են այդ մեդիաների բազմաթիվ հոդվածների, լուրերի առարկա:

Բայց, միևնույն է, հասարակությունը քննադատեց և ծաղրեց «Լույսի» վարքագիծը: Իսկ ինչո՞ւ: Որովհետև «Լույսի» ներկայացուցիչները իրենց քննադատության ժամանակ և ընթացքում պարզապես անցնում են չափը, վիրավորում և պիտակավորում են ժողովրդի քվեն ստացած քաղաքապետին: Մարուքյանը և «կոմպանիան» պետք է գիտակցեն, որ հասարակությունը 20 տարի չի ունեցել ընտրված իշխանություն և հիմա փորձում է հնարավորինս պաշտպանել իր ընտրությունը: Եվ պետք չէ պիտակավորել հասարակությանը: Նույն հասարակությունը բավական հանդուրժողաբար է վերաբերվում այլ ընդդիմադիր ուժերի քննադատությանը, մասնավորապես ՀԱԿ-ի և ՔՈ-ի (Քաղաքացու որոշում կուսակցության): Նրանց քննադատության մեջ տեսնում է մտահոգություն, որ գործող իշխանությունը չանի սխալներ կամ շտկի արդեն արածները: Իսկ «Լուսավոր Հայաստանի» և մնացածի դեպքում առաջին պլան է գալիս չարախնդությունը:

Իմիջիայլոց, հոդվածի քոմենթների բաժնում չներկայացնենք սքրիններ, որտեղ պիտակավորում կամ վիրավորում են ՀԱԿ-ի և ՔՈ-ի քննադատությունը: Լուրջ կասկած կա, որ այդ ֆեյքերի իրական տերերը նախկին իշխանություններն են, որոնք փորձում են այդպիսով լարվածություն ստեղծել այդ ուժերի և իշխանության միջև:

Այնպես որ Էդմոն Մարուքյանը ճիշտ կանի արագ որոշում կայացնի և փակի շոուն: Միշիկական ստատուսագրերի «Դավիթ՝ չդնես» հեշթեգին, հասարակությունը կպատասխանի «Կփաթաթեմ բոլորիդ» հեշթեգով և դրա գործնական կիրառմամբ:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», 14, 2019

 

Աղբյուրը՝ 4rd.am