16-ամյա տղան հայտնաբերվել է. որոնողական աշխատանքները տևել են գրեթե 1 օր՝ մասնակցությամբ մեծ թվով ոստիկանների, փրկարարների ու գյուղացիների

1010

 

Դեկտեմբերի 20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության 3 տասնյակից ավելի ծառայողներ՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Հրանտ Խանձրածյանի գլխավորությամբ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեծ թվով փրկարարներ, ինչպես նաև Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ՝ գյուղապետի գլխավորությամբ երեկվանից որոնողական աշխատանքներ էին կատարում «Աղի ձոր», «Խնձորկուտ», «Միջնահանդ», «Կռոթկուտ» և «Գիլի հանք» կոչվող հանդամասերում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ որոնողական աշխատանքների մասնակիցները հայտնաբերել են Աչաջուր գյուղի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Մ-ն և նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրան հայտնաբերել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում, որտեղ իր ազգականներն են ապրում։

Երեխային երեկվանից որոնում էին, և նրա կորելու մասին իրավապահներին տեղեկացրել էին ծնողները, որ երեխան դուրս էր եկել դեպի այգի և չէր վերադարձել, իսկ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում։ Երեխայի որոնողական աշխատանքներին օնլայն եղանակով հետևում էին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, իսկ ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնողական աշխատանքներին մի քանի խմբեր են ներգրավված եղել, ովքեր գրեթե 40-50 կմ շառավղով փնտրել են երեխային և գյուղացիները նույնպես մի քանի խմբերով մոտ 50 կմ որոնել են երեխային։

 

shamshyan.com