«Քանի՞ երեխա են վաճառել այս մարդիկ, ի՞նչ կյանքի են արժանացել այդ երեխաները». Կարինե Հարությունյան

193

«Քանի՞ երեխա են վաճառել այս մարդիկ, ի՞նչ կյանքի են արժանացել այդ երեխաները». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ևս երկուսի հետ ձերբակալվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը: 1996-ին ինքն է ինձ վիրահատել, երբ աղջիկս ծնվեց: Ձերբակալվել է երեխաների ապօրինի որդեգրման, ինձ համար նույնն է թե՝ վաճառքի գործով: Դստերս ծնված ժամանակ հիվանդանոցում երեք լքված նորածիններ կային, երեքն էլ աղջիկ: Բուժքրոջը հարցրի՝ ի՞նչ են անելու նրանց, ասաց՝ մանկատուն են տանելու, եթե մայրերը հետ չգան: Ինչո՞ւ են հրաժարվել՝ ջահել աղջիկներ են, ծնողները երես են թեքել:
Հիմա, երբ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է, մտածում եմ՝ տեսնես այն երեքը որտե՞ղ են, արդյոք նրա՞նք էլ են վաճառվել: Քանի՞ երեխա են վաճառել այս մարդիկ, ի՞նչ կյանքի են արժանացել այդ երեխաները:
Ինչո՞ւ են մայրերն, առհասարակ, լքում իրենց զավակներին: Նույնիսկ եթե խնդիր ունեն, կարող են ըստ օրենքի հանձնել մանկատուն և առաջին հնարավորության դեպքում հետ վերցնել: Այդ մայրերի մեջ շատ են երիտասարդ աղջիկները, որոնք հղիացել են տարբեր պատճառներով: Ինչո՞ւ մեր հասարակությունը բավականաչափ քաղաքակիրթ չէ՝ հասկանալու համար, որ կարելի է երեխա ունենալ նաև առանց ամուսնանալու-ամուսնու: Ինչո՞ւ ենք մենք այդքան վայրենի, ինչո՞ւ ենք մենք հոշոտում միայնակներին, լքվածներին, հիվանդներին, թույլերին, խեղդվողներին, ընկածներին…
Հոգեբաններն այստեղ կարող են օգտակար լինել: Եթե հայտարարում ենք, որ ոչ մի երեխա մանկատանը չպիտի մեծանա, սա պիտի լինի ոչ միայն արդեն մանկատանը գտնվողների համար ընտանիքներ գտնելու ճանապարհով, որի համար նույնպես հոգեբանների կարիքը կա, այլև նոր ծնվողներին անմայր չթողնելու միջոցով: Երեխա լքող յուրաքանչյուր ծննդաբերողի հետ պիտի հոգեբան աշխատի, պետությունն էլ պիտի միջամտի, եթե հարկ կա օգնության, օգնի, աջակցի, որպեսզի երեխան փողոցում չհայտնվի: Սա ռազմավարական նշանակության հարց է իրականում»:

mamul.am