Սպանություն Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

242

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է հրազենից։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը, դատախազի տեղակալներ Արմեն Մուրադյանը, Հարություն Խալաթյանն ու ավագ դատախազ Վարդան Հարությունյանը։ Քիչ առաջ ժամանեցին նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ահարոն Ներսիսյանն ու քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ Արմեն Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկաններն ու քննիչները կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ ժամը 22:00-ի սահմաններում Երկաթուղայինների 2-րդ փողոցի 5-րդ տան դիմաց վիճաբանություն է տեղ ունեցել, որի ժամանակ 40-ամյա Արմեն Ս.-ն իր մոտ պահվող ատրճանակից կրակել է Երկաթուղայինների 4-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 43-ամյա Արեգ Սիմոնյանի կրծքավանդակին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մահացած վիճակում Արման Սողոմոնյանի կողմից վարած BMW մակնիշի 03 VՏ 101 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Քննչական խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոնում առգրավել է սպանվածի հագին առկա հրազենային վնասվածքով և արյան հետքերով հագուստները: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև BMW-ն, որի սրահում կան արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ա. Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Վերջինս, ըստ ֆոտոոլագորղի տեղեկությունների, նախկինում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եղել է դատապարտված, իսկ նրան ավելի շատ ճանաչում են «Սիցիլ» մականվամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/18/1143297/