«Նոր տարին տանը չենք դիմավորի». որտեղ և ում հետ է Լուիզա Ղամբարյանը լինելու Ամանորին

485

«Նոր տարին տանը չենք դիմավորի». որտեղ և ում հետ է Լուիզա Ղամբարյանը լինելու Ամանորին

Արդեն դեկտեմբերն է ու սկսվել է ամանորյա եռուզեռը: Դերասանուհի Լուզիա Ղամբարյանն արդեն որոշել է, թե որտեղ է դիմավորելու Նոր տարին: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, տոներն անցկացնելու են Դիլիջանում:

«Մենք սիրում ենք Դիլիջանում լինել և՛ ամռանը, և՛ ձմռանը: Լինելու ենք ամբողջ ընտանիքով՝ ես, ամուսինս, դուստրս և մայրս»,- ասաց նա ու հավելեց, որ սովորաբար սիրում է Ամանորին տանը լինել, սակայն պետք է ճիշտ օգտագործել արձակուրդը և հանգստանալ: Հենց այս պատճառով են այս տարի ընտրել Դիլիջանը:

Տարածված կատակներին, որ Ամանորը հայաստանյան հանգստյան գոտիներում դիմավորում են միայն հարուստները, Լուիզան ծիծաղելով արձագանքեց. «Այդ ամենը շատ հարաբերական է, որովհետև արտերկրում էլ կան հանգստի շատ թանկ տարբերակներ: Մենք Ամանորը նշել ենք նաև արտերկրում, որովհետև հետաքրքիր է ձմռան ցրտին լինել ծովափում, սակայն յուրաքանչյուր տարին իր հետ բերում է այն, ինչ պետք է հենց այդ տարի լիներ: Ամենակարևորը Նոր տարին ուրախ ու ընտանիքիդ անդամների հետ դիմավորելն է՝ անկախ գրպանիդ պարունակությունից»:

Լուիզան տոնական սեղան կպատրաստի նաև իրենց տանը: Տոնածառն էլ դեկտեմբերի սկզբին կզարդարեն ու ամբողջ ամիս տանը տոնական տրամադրություն կլինի:

«Որքան էլ վերջին տարիներին ավելի ակտուալ է դարձել տանից կամ երկրից դուրս տոնել Ամանորը, կարծում եմ, կարևոր է պահպանել տոնի խորհուրդը: Երևի թե, դա մեր մանկությունից է գալիս: Ես ավելի հաճախ տանն եմ դիմավորել նոր տարին, բայց լինում են տարիներ, երբ ավելի հարմար ես գտնում տանը չմնալ: Անկախ այդ որոշումից՝ ես շատ եմ սիրում ամանորյա եռուզեռը, հատկապես, նվերների գնման, հանձնման և ստանալու արարողությունը, տոնածառ զարդարելն ու տոնական սեղան պատրաստելը: Դրանք շատ հաճելի երևույթներ են, բայց և այդ եռուզեռից որոշակիորեն փախչելու կարիք է զգացվում: Ուզում ես մի քիչ լիցքաթափվել՝ նոր ուժերով ու եռանդով դիմավորել Նոր  տարին համար,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ առաջիկա օրերին կզարդարեն տոնածառը:

«Տոնածառն, անպայման, զարդարելու ենք, նույնիսկ սեղան եմ պատրաստելու: Իհարկե, այնպիսի բաներ կպատրաստեմ, որոնք չեն փչանա, սակայն սեղանը պետք է լիքը լինի, հետաքրքիր ու խորհրդանշական ձևով զարդարված լինի»,- ասաց նա ու հավելեց, որ առաջիկա օրերին արդեն նվերներ կգնի մտերիմների համար: Արդեն գիտի՝ ում համար ինչ է ընտրելու, յուրաքանչյուրին բաժին կհասնի այնպիսի նվեր, որը, ըստ Լուիզայի, նրան պետք է: Իր նվերները համաձայնեցնել դերասանուհին չի սիրում, քանի որ սիրում է անսպասելիության գործոնը:

Ամանորի գիշերը Լուիզան, անպայման, երազանք է մտապահում: Նրա խոսքով՝ իր երազանքներն առաջին հերթին կապված են ընտանիքի անդամների առողջության, նպատակների իրականացման հետ, բացի այդ երազում, որ երկրում խաղաղություն լինի: Որպես կանոն՝ մայրիկների երազանքներն իրենց երեխաների հետ են կապված: Լուիզան բացառություն չէ. «Այլ տարբերակ լինել չի կարող, որովհետև յուրաքանչյուրս մտածում է իր  զավակի մասին: Եթե աշխարհի բոլոր մայրերի աղոթքները մեկտեղվեին, մեր կյանքը շատ ավելի բարի ու  գեղեցիկ կդառնար»:

Ամփոփելով՝ 2019-ը նա ասաց, որ լավ տարի է ունեցել, որի ընթացքում իրականացել են իր ցանկությունները: «Փառք Տիրոջ, լավ տարի էր: Կարողացա դանդաղ, միջին ու մեծ քայլերով առաջ գնալ այն հարցերում, որոնք ի սկզբանե սահմանել էի: Ես շատ էի ուզում, որ մեր ընտանիքն այս տարի ևս լիներ միասնական ու համերաշխ, այդպես էլ եղավ: Մյուս բոլոր նպատակները Աստծո կամքով կկատարվեն, եթե ոչ այս, ապա հաջորդ տարի: Գոհանալն ու բավարարվելն է շատ կարևոր»,- եզրափակեց դերասանուհին:

 

livenews