«Հակահայկական միջոցառում». տարօրինակ ներկայացման ներկայացուցիչները պնդում են՝ թույլտվություն ունեն (տեսանյութեր)

202

«Հուզանք ու Զանգ» կատարողական արվեստի նախագիծը երեկ Հանրապետության հրապարակի մետրոպոլիտենի դիմացի շատրվանի հատվածում միջոցառում էր անում: Անհասկանալի կերպարանքով աղջիկներից մեկը տարօրինակ բառապաշարով, բարձր ձայնով ինչ-որ բան էր կարդում, իսկ մեկ ուրիշը նույնքան տաօրինակ շարժուձևով գալարվում էր շատրվանի տարածքում (տեսանյութը՝ ստորև):

Նկատենք, որ երեկ՝ Ազգային ժողովի դիմաց, ապա քաղաքի տարբեր հատվածներում տեղի էին ունենում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ակցիաներ: Դրանց զուգահեռ, փաստորեն, տեղի էր ունենում նաև անհասկանալի միջոցառումը, որը սակայն ընդհատվել էր անցորդների բողոքների հետևանքով: Վերջիններս ներկայացման մասնակիցներին մեղադրել էին հակապետական, սատանիստական, հակահայկական գործողությունների մեջ: Նրանք էլ պնդում էին, որ այդ տարածքում միջոցառում անելու թույլտվություն ունեն քաղաքապետարանից և մետրոպոլիտենից։ 

«Վաղը ևս սպասվում է նման միջադեպ, նման արձագանք, և ոչ միայն վաղը, քանի դեռ կինը, որ անսովոր տեսք ունի կոնկրետ անուն ունի, կինը, որ պարումա հատակին հանրային վայրում անպայմանորեն ստրիպտիզա պարում, իսկ կինը, որ հիփ-հոփա կարդում՝ անպայմանորեն լիրբա, և առհասարակ, եթե կին ես ու անհասկանալի բան ես անում, ուրեմն ֆեմինիստ ես և, օլալա, երեխաներ ինչպես ես դաստիարակելու, և այլն և այլն… սա միայն նշանակումա, որ այս ներկայացումը ավելի քան ակտուալա, ավելի քան տեղինա, ավելի քան բարձրացնումա այն հարցերը, որոնք մենք կարևորել ենք և վաղը ներկայացումը տեղիա ունենալու ամեն գնով»,- իրենց ֆեյսբուքյան էջում գրել են միջոցառման ներկայացուցիչները՝ նշելով, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, հրապարակի մետրոպոլիտենի դիմացի շատրվանի տարածքում կրկին շարունակելու են անել այն ինչ անում էին։

ԼՈՒՐԵՐ.com-ը պարզաբանում ստանալու համար զրուցեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանի հետ: Վերջինս նշեց, որ մետրոպոլիտենի տնօրինությանը դիմել է Հասմիկ Թանգյան անունով մի աղջնակ, որն ունեցել է Երևանի քաղաքապետարանից թույլտվություն այդ տարածքում միջոցառում-ներկայացում անցկացնելու համար: «Սովորաբար, եթե քաղաքապետարանը ծանոթացել է արդեն, մենք թույլ ենք տալիս: Բացի այդ, նրանք իրենց դիմումի մեջ նշել էին, որ այս ներկայացման դրամաշնորհը ստացել են ԿԳՍՄ նախարարությունից և ես՝  որպես մետրոպոլիտենի մամուլի քարտուղար, իրավասության չունեմ իմ գերատեսչությանը դեմ գնալ և ասել՝ ոչ, քանի որ իրենք արդեն ուսումնասիրել են: Ես բովանդակային առումով ծանոթ չեմ եղել, սակայն, եթե անգամ իմանայի ինչ է լինելու, կփորձեի գործընկերային հարաբերությունից ելնելով՝ զգուշացնել, թե ինչ է տեղի ունենում, արդյո՞ք տեղյակ են»,- նշեց մետրոպոլիտենի մամուլի խոնակը:

Նրա խոսքով՝ առհասարակ նկարահանումներ, միջոցառումներ իրականացնելու համար մետրոպոլիտենին առանձին դիմում են ներկայացնում, որին կցում են միջոցառման բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթերը. «Իրենք ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև քաղաքապետարանի որոշումը: Մեզ դիմել էին՝ աջակցելու նոյեմբերի 2-ին կայանալիք միջոցառմանը, որն այսքան աղմուկից հետո դժվարանում եմ ասել կկայանա, թե ոչ: Երբևէ նման միջադեպ չի եղել: Քաղաքացիների բողոքի հետևանքով է ընդհատվել: Ներկայացման բովանդակությանը ծանոթ չեմ, բայց ասել էին, որ այն ներկայացնում է ժամանակակից պար և ֆուտուրիստական պոեզիա։ Նախագիծը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած դրամաշնորհի աջակցությամբ։ Ստեղծագործությունը կոչվում է «Հուսանք ու Զանգ»՝ ըստ ֆուտուրիստ պոետ Գևորգ Աբովի համանուն գրքի»,- ասաց Տաթև Խաչատրյանը։

mediamall.am