Ապրիլյան պատերազմի մասնակից, հեղափոխությանն աջակցած Մանուել Մանուկյանը ուսման վարձը չվճարելու պատճառով հնարավոր է՝ դուրս մնա համալսարանից. «Իմ քայլը» և այլ հիմնադրամներ չեն աջակցել

184

Ապրիլյան պատերազմի մասնակից, հեղափոխությանն աջակցած Մանուել Մանուկյանը կարող է դուրս մնալ համալսարանից, քանի որ չի կարողանում վճարել ուսման վարձը: Մանուել Մանուկյանն այս տարի ընդունվել է ԵՊՀ ում միջազգային հարաբերությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի Կառավարում ֆակուլտետներ՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգով: Ուսման վարձը ԳԱԱ-ում կազմում է 450 հազար դրամ, իսկ ԵՊՀ-ում 520 հազար դրամ:

Tert.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը տեղեկացրեց, որ ուսման վարձը փոխհատուցելու խնդրանքով դիմել է տարբեր հիմնադրամներ:

Հարցին՝ քանի որ Մանուելը Ապրիլյան պատերազմի մասնակից է, արդյո՞ք զեղչ նախատեսված չէ, նա պատասխանեց. «ԵՊՀ-ում ասացին 1-ին կուրսում չկա զեղջ, Ապրիլյանի մասնակից լինելը պետք է զինգրքույկում ինչ-որ կերպ նշված լինի, որպեսզի զեղչ տրամադրվեր, իսկ զինգրքույկներում դեռ այն ժամանակից չեն գրել: Այսօր պետք է վճարում անեի, որ հրամանագրեին, բայց չկարողացա, հիմա չգիտեմ ինչ է լինելու»:

Մանուել Մանուկյանը տեղեկացրեց, որ դիմել է նույնիսկ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղից նրան պատասխանել են, որ իրենք այդպիսի ծրագրեր չեն կատարում, չեն կարող ուսման վարձ տրամադրել: «Այդ հիմնադրամից ինձ տրամադրել են այլ հիմնադրամների տվյալներ, այդ թվում «Ծառուկյան», «ԱՍ», «Հովնանյաններ» հիմնադրամներինը»,- ասաց նա:

Թեպետ Մանուելը դիմել է վերը նշված և «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրամադրած այլ հիմնադրամների, սակայն նրան չեն օգնել: «Առանձին դիմել եմ «Հովնանյաններ» հիմնադրամին, բոլոր իրենց տրամադրած հիմնադրամներին դիմել եմ, մի մասն արդեն ծրագիրն իրականացրել էր, մի մասն էլ պետք է նոր իրականացնեն ծրագիրը, այսինքն, հաջորդ կիսամյակից: Այս պահի դրությամբ չկա այդպիսի հիմնադրամ, որ օգնեն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» հիմնադրամին, նա նշեց, որ այնտեղ նոյեմբերի 10-ից հետո հնարավոր է տրամադրեն. «Իրենք էլ հնարավոր է, 50 կամ 100 հազար դրամ տրամադրեն, ամեն տարի իրենց դրամաշնորհն այդքան է»,- ասաց նա:

Մանուելը ո՛չ ԿԳՄՍ նախարարություն, ո՛չ էլ նախարար Արայիկ Հարությունյանին չի դիմել, կարող է սխալ հասկանան: «Նախարարություն չեմ ցանկանում դիմել: Եղել եմ այդ գործընթացների մեջ, երբ հիմա դիմեմ իմ անձի համար, հնարավոր է՝ դիտվի, որ ես ինչ-որ առավելություն եմ ուզում, գուցե ասեն՝ ես ինչո՞վ եմ տարբերվում մնացածից, եթե մնացածը պետք է վճարեն, ես չվճարեմ, կամ հերթականություն գոյություն ունի: Իրենք ասում են՝ դրա համար կա օրենք, կա կարգ, բայց օրենքի մեջ նման բան չկա: Ուրիշ ծրագրերով եմ դիմել նույն պատասխանն եմ ստացել, դրա համար չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի որ … ես կարող եմ ընդամենը ռեկտորներին դիմել, խնդրեմ որ չհեռացնեն, դա էլ չգիտեմ իրենք կանեն, չեն անի, ինչ սկզբունքով կառաջարկեն: Դիմել եմ Ազգային ակադեմիայի ռեկտորին, որը թույլ է տվել, քննությունները հանձնել եմ, մինչև վարձը կլինի»,- պարզաբանեց նա:

Tert.am-ի դիտարկմանը՝ ինչ նկատի ունի, երբ ասում է գործընթացների է մասնակցել, Մանուելն ասաց, որ մասնակից է եղել հեղափոխությանը, չի ցանկանում, որ դիտվի, թե ինչ-որ ակնկալիքներ ունի: «Առանց այդ էլ մարդիկ կան, որ ասում են, որ ես ինչ-որ բան արել եմ նրա համար, որ այսօր ինչ-որ մեկն ինձ համար ինչ-որ բան անի: Ես դրա համար չեմ արել, ուստի՝ չեմ դիմում ներկայիս իշխանությանն իմ անձնական հարցերով: Զուտ նրա համար չեմ դիմում, որովհետև այդպիսի տպավորություն է ստեղծվում՝ եթե ես որպես քաղաքացի դիմում եմ իմ հարցերով, ապա այլ ակնկալիքներ ունեմ»,- ասաց նա:

tert.am