Մեր զինվորները մեր լեռների պես հզոր են․ Աստված պահապան քեզ հայ Զինվոր

140

Օրերս Արցախ աշխարհի հյուսիսային թեւում էինք՝ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ուսումնական վաշտում՝ առաջնագծում ծառայող անձնակազմի նոր հերթափոխ է պատրաստվում: Տղաները փորձառու հրամանատարական կազմի հսկողությամբ յուրացնում են զինվորական գործի առանձնահատկությունները, մասնագիտական խոր գիտելիքներ ձեռք բերում:

 

Մեր այցելության պահին ուսումնական վաշտի զինվորները ֆիզիկական պատրաստությամբ էին զբաղված: Ընդամենը մի քանի ամսվա ծառայողներ են, բայց այս կարճ ժամանակահատվածում զգալիորեն ամրացել են, ջլապնդվել:

-Տղաները տարբեր մարզավիճակով են գալիս զորամաս, ֆիզիկապես տարբեր աստիճանի պատրաստված, բայց ժամանակի ընթացքում կոփվում են, ամրանում: Ամենօրյա մարզումները նպաստում են զինվորների ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ կամային որակների զարգացմանը,- ասում է ուսումնական վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Կարապետյանը: Եվս մի քանի ամիս, ու տղերքը վստահ ու անվարան կկանգնեն մարտական դիրքերում, կգա սահմանը պահելու նրանց հերթը:

-Մարտական խնդրի անթերի կատարման կարեւոր բաղկացուցիչներից  մեկն էլ զինծառայողների ֆիզիկական գերազանց պատրաստվածությունն է,- ընդգծում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը:-Բարդ տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է առավելագույնս զգոն լինի, ֆիզիկապես կոփված, ամուր եւ դիմացկուն, որ եղանակային ցանկացած պայմաններում, ցանկացած իրավիճակում կարողանա լիարժեք կատարել առաջադրված խնդիրները:

-Մարտական խնդրի անթերի կատարման կարեւոր բաղկացուցիչներից  մեկն էլ զինծառայողների ֆիզիկական գերազանց պատրաստվածությունն է,- ընդգծում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը:-Բարդ տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է առավելագույնս զգոն լինի, ֆիզիկապես կոփված, ամուր եւ դիմացկուն, որ եղանակային ցանկացած պայմաններում, ցանկացած իրավիճակում կարողանա լիարժեք կատարել առաջադրված խնդիրները:

Ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնում է զինվորի ոգին, տոկունությունը, վստահություն ներշնչում: Եղել են դեպքեր, երբ մեր զինվորները ոչ միայն զենքով, այլ նաեւ բազկի ուժով  են արժանի հակահարված տվել հակառակորդին՝ դիվերսիոն ներթափանցումների ժամանակ ձեռնամարտի բռնվելով եւ թշնամուն վնասազերծելով:

-Այստեղ ծառայությունն առանձնահատուկ է, ու ծառայության ամեն ժամն ու րոպեն քեզ ավելի են կոփում, ամրացնում, հզորացնում,- ասում են զինվորներն ու կատակում՝ այստեղ ծառայությունն  ամեն մարդու բան չէ՝ լեռները թույլերին չեն ընդունում…

Մարզահրապարակի կողքին՝ հենց անտառի փեշին, փայտաշեն գեղեցիկ մատուռ է՝ զինվորների ձեռքով կառուցված: Ներսում հոգեւոր նկարներ են, սրբապատկերներ: Մատուռի կողքի բացօթյա տաղավարում, աշնան արեւի մարող  ջերմությունը վայելելով՝ զրուցում ենք հայրենիքի պաշտպանների հետ: Սկզբում խոսակցությունը համեմվում է զինվորական կարճ ու հատու «ճիշտ այդպես», «ոչ մի կերպ» բառերով, հետո աստիճանաբար վերածվում անկաշկանդ ու սրտաբաց զրույցի:

Տարբեր խառնվածքի, տարբեր մտածելակերպի երիտասարդներ են,  ամեն մեկն ապագայի իր երազանքներով: Պատմում են իրենց նախասիրություններից, քաղաքացիական, բանակային կյանքում ունեցած հաջողություններից ու ձեռքբերումներից:

Շարքային Գեւորգ Գագիկյանը ավագ եղբոր՝ Նարեկի հետ է բանակ զորակոչվել: Նարեկն այժմ սերժանտական դասընթացների է մասնակցում:

-Մինչ ծառայությունը ֆուտբոլով եմ զբաղվել, մասնակցել տարբեր առաջնությունների: Բանակում  էլ մարզական կյանքը բավականին աշխույժ է, տարբեր մրցումներ են լինում՝  ձեռնամարտ, ձգումներ, վազք… Վերջերս էլ գավաթ եմ ստացել «աքլորակռվի» ժամանակ: Աքլորակռիվը հին հայկական, ավանդական խաղ է՝ մի ձեռքով մեջքի կողմից բռնում ես ծալած ոտքդ եւ մյուս ոտքի վրա ցատկոտելով ուսով իրար եք խփում այնքան ժամանակ, մինչեւ խաղացողներից մեկը կա՛մ վայր է ընկնում, կա՛մ էլ շրջանակից դուրս մղվում ու պարտվում: Էսպես մի քանիսի հետ մրցեցի, հաղթեցի, իսկ հետո երկու եղբայր վերջնափուլ դուրս եկանք: Մեծ եղբայրս զիջեց, ու գավաթն ինձ բաժին հասավ:

Կրասնոդարի  մարզի Տիմոշեւսկ քաղաքից են եկել եղբայրները:

-Եկել ենք հայրենիքում ծառայելու: Մենք մեր երկիրը շատ ենք սիրում ու մի շատ կարեւոր բան ենք հասկացել՝ հայրենիքից դուրս երջանկություն չկա,- ասում է Գեւորգը:

Շարքային Վոլոդյա Քերոբյանն էլ ավելի հեռվից՝ Հնդկաստանից է եկել ծառայության: Ուսման նպատակով է այնտեղ, բիզնես մարքեթինգ է սովորում հայկական սփյուռքի ամենաազդեցիկ կրթօջախներից մեկում՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում:

-Սպիտակի Լեռնավան գյուղից եմ,- ներկայանում է երիտասարդը,- ես էլ ծառայությունից հետո գնալու եմ Հնդկաստան՝ ուսումս շարունակելու, բայց ավարտելուց հետո վերադառնալու եմ հայրենիք՝ ստացածս գիտելիքները իմ երկրին ծառայեցնելու: Հայաստանը մեր ծննդավայրն է, մեր հենման կետը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

hayzinvor.am