Սեղան… Սեղանի վրա դագաղ… Դագաղի մեջ հայ զինվոր… Զինվորի վրա փռված եռագույն դրոշ…

714

Սեղան… Սեղանի վրա դագաղ… Դագաղի մեջ հայ զինվոր… Զինվորի վրա փռված եռագույն դրոշ… Զինվորի կողքին նստած հայ մայր, ով մահացած որդու հետ է խոսում անդադար ու ասում, որ չնայած որ որդին չի լինելու դիրքերում միևնույն է նա ուտելիք է ուղարկելու որդու զինակից ընկերներին ու լիցքավորելու է նրանց հեռախոսները… Հայ մայր, ով հարցնում է մահացած որդուն բա հիմա որդու սիրած աղջկան բերի ի՞նչ անի…

Ներս են մտնում զինվորներ և նստում իրենց անշունչ զինվոր ընկերոջ կողքին… Վստահ եմ, որ մտքներում տղերքն ասում էին, որ իրենց զինակից ընկերոջ պաշտպանած սահմանը սրբացավ նաև նրա արյամբ…

Ցավ… Ցավ… Անվե՜րջ ցավ…

Չկան խոսքեր… Կան ցավից պատառոտված սրտեր…

Չկա մխիթարանք… Կա անասելի ցավ…

Ցավ… Ցավ… Անվե՜րջ ցավ…

Մինչ հայ ազգն այսօր անուշ քուն կմտնի` երեկ մեր երկրի սահմանն ու մեզ պաշտպանելիս զոհված Արցախ անունով զինվորի մայրը կլուսացնի իր որդու դագաղի մոտ և վերջին ժամերը կանցկացնի իր որդու անշունչ մարմնի կողքին…

Չկան խոսքեր… Կան ցավից պատառոտված սրտեր…

Չկա մխիթարանք… Կա անասելի ցավ…

Ցավ… Ցավ… Անվե՜րջ ցավ…

Աշխարհում չկա ավելի մեծ ցավ քան քո ծնած որդուն հողը դնելը…

Աշխարհի համբերությունն ու ուժը մաղթենք Քաշթաղի շրջանի Տիգրանավան գյուղի հավերժ զինվոր Արցախի ծնողներին, եղբայրներին, հարազատներին այս անտանելի ցավին դիմանալու համար։

Տիգրանավանում ապրող այս ընտանիքն իր հինգերորդ որդուն Արցախ էր անվանել։ Մեր Արցախը երեկ անմահացավ մեր հայրենիքի սահմանը պաշտպանելիս։ Հավերժ փա՛ռք քեզ, Արցախ ջան։

Հայ Զինվո՛ր, հավե՛րժ պարտական ենք քեզ մեր ո՛ղջ կյանքում։ Հավե՛րժ։ Ո՛ղջ։ Կյանքու՛մ։

Նելլի Շուշի Մարտիրոսյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

arajininfo