Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում տեղադրված տապանաքարը կամ բումերանգի էֆեկտը

213

Անկեղծ ասած՝ որքան էլ դեմ լինեմ Նիկոլ Փաշինյանի գործելաոճին, նրա վարչապետ լինելուն, մյուս կողմից էլ դեմ եմ նման երևույթներին: Պարզապես նրբություններ կան, որոնք դուք մոռացել եք երևի: Հիասթափեցնեմ ձեզ, որովհետև ես և ինձ նման շատերը չենք մոռացել:

Հիշո՞ւմ եք սև ժապավենները Արմեն Աշոտյանի, Արա Բաբլոյանի և Էդուարդ Շարմազանովի անուն-ազգանունով, հիշո՞ւմ եք ծաղկեպսակները, որոնց վրա մյուս քաղաքական գործիչների անուններն էին, իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ լկտի և կեղտոտ ձևով էին տարածում Արփինե Հովհաննիսյանի և Շուշան Պետրոսյանի: Արդյո՞ք հիշում եք, որ Vahram Baghdasaryan նկարի շուրջ մի քանիսը հավաքվել էին և «սգում» էին, կամ հիշո՞ւմ եք, երբ Մարգարիտ Եսայանը ԱԺ-ում ելույթ էր ունենում և կոչ անում, խնդրում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր համակիրներին սաստի, հորդորի, կոչով հանդես գա, որ նման բան չանեն: Հիշո՞ւմ եք, որ մնացածի տան և բջջային հեռախոսահամարներին էին զանգում և սպառնում, իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք տարածում այդ լուսանկարները և ցինիկ գրառումներ անում: Չեք մոռացել, չէ՞, թե ինչպիսի լկտի հայհոյանքներ էին գրում Շարմազանովի աղջկա հասցեին: Դագաղները հիշո՞ւմ եք:

Հը՞, չհիշեցի՞ք:

Հիշո՜ւմ եք, այն էլ ոնց եք հիշում: Երբևէ ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, թե ի՞նչ կզգայիք դուք, եթե ձեր հանդեպ այդ ստորությունը անեին: Երբևիցե մտածե՞լ եք, թե ի՞նչ են զգացել նրանց երեխաները, ծնողները, ընկերները: Վստահ եմ, որ ո՛չ, չէ՞ որ դա ձեզ դուր էր գալիս, բայց դուք լռում էիք:

Հիմա էլ մի բողոքեք, որովհետև այս ատելության մթնոլորտը դուք եք սերմանել և առաջացրել: Դուք նույնիսկ ներողություն չխնդրեցիք այս մարդկանցից: Դուք այդքան տղամարդկություն չունեցաք կամ էլ դուք շարունակում էիք հիանալ ձեր արածով, քանզի մինչ օրս, ով ձեր դեմ գեթ մեկ նախադասություն է ասում, այն էլ՝ փաստարկված, ապա դրան հետևում է ձեր կողմից հրահանգավորված և կազմակերպված հայհոյանքների և սպառնալիքների գրոհը:

Դուք ձեր գործելաոճով հատել եք այնպիսի կարմիր գծեր, որ մենք դժվար թե կարողանանք մարդկանց համոզել, որպեսզի հետագայում ձեզ փողոցի դալաններում չծեծեն:

Այդ տապանաքարը, հավատացած եղեք, սկիզբն էր այն ամենի, ինչը դեռ տեղի է ունենալու, որովհետև շատ լավ խոսք կա․ «Քամի ցանողը փոթորիկ է հնձում»:

Հ.Գ. Տապանաքարի հեղինակներին՝

Ես հասկանում եմ ձեր զայրույթը, բայց մի իջեք դրանց մակարդակին: Մենք անասունից տարբերվում ենք մեր մտածելու կարողությամբ:

blognews.am