«Ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես պատրաստ չէի այդ կերպարը մարմնավորել». Էդգար Իգիթյանը՝ «Երկուսով» նախագծից դուրս գալու պատճառի և կնոջն ավելի շատ ժամանակ տրամադրելու ցանկության մասին

247

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նախագծում ստեղծագործական և դերասանական կազմի մասնակի փոփոխության մասին: Հեռուստասերիալի գլխավոր հերոսի դերակատար Բեն Ավետիսյանին փոխարինել է Զիրոյանը, Էդգար Իգիթյանին՝ Հայկ Հովհաննիսյանը:

Ինչպես նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը, այնպես էլ դերասան Բեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշել էին, որ համագործակցությունը դադարեցրել են՝ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ:

Tert.am Life-ը թեմայի մասին զրուցել է նաև դերասան Էդգար Իգիթյանի հետ: Դերասանն անկեղծացավ, որ պայմանագիրը ստորագրելիս էլ երկմտել է՝ նկարահանվե՞լ նոր նախագծում, թե՞ ոչ, սակայն մտածել է, որ կարող է հաղթահարել հոգնածությունը:

«Նկարահանվել եմ  «Էլենի օրագրի»  երկու եթերաշրջանում, «Սահմանին» նախագծում, մոտ հինգ տարի աշխատանքային ծանր գրաֆիկ եմ ունեցել: Նախագծից առաջ մտածում էի, որ մի քանի ամիս ժամանակս կտրամադրեմ անձնական ու աշխատանքային այն գործերին, որոնց այս տարիների ընթացքում չեմ կարողացել անդրադառնալ»,- ասաց դերասանը:

Էդգարի խոսքով՝ նախագիծը սկսելիս իրեն տրամադրել է, որ կնկարահանվի, սակայն գերհոգնածությունը թույլ չի տվել. «Երբ նախագիծ եմ վերցնում, փորձում եմ լավագույնը ստանալ, սակայն հասկացա, որ գերհոգնածությունս անդրադառնում է իմ խաղի, կերպարիս ու աշխատանքիս վրա: Չէի ուզում որևէ մեկին խաբել, չուզելով գնալ նկարահանման ու նման որոշում կայացրի: Կոպիտ եմ ձևակերպում, բայց օգտագործեցի պահը, որ փոխվեց ռեժիսորը, նկարահանումները նորից էին սկսելու: Ես եմ որոշել, որ ճիշտ կլինի իմ կերպարն այլ դերասան խաղա»:

Էդգարը նշեց, որ չնայած նախագծից դուրս գալուն, ինքը պայմանագրի որևէ կետի խախտում չի ունեցել: «Ունեցել եմ պայմանագիր, բայց նկարահանումները նորից էին սկսելու, ես դիմեցի «Շանթ»-ին՝ ասելով, որ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես պատրաստ չեմ մարմնավորել այդ կերպարը, բացի այդ որոշ հարցեր ունեմ կարգավորելու: Ես չեմ ցանկացել նախագծին որևէ կերպ վնասել, խնդրել եմ ու ինձ ընդառաջել են: Եթե հնարավոր չլիներ փոփոխություն անելը, բնականաբար, կշարունակեի նկարահանվել: Իմ այս  որոշումը որևէ կերպ վնաս չի տվել նախագծին, քանի որ այն նորից էր նկարահանվելու: Ես պայմանագրի ու պարտականությունների հետ կապված որևէ խախտում չեմ արել»,- ասաց նա:

Սցենարիստ Անի Մաղաքյանն ավելի վաղ ասել էր, որ նախագծի ռեժիսորի փոփոխությունը չէր կարող անհետևանք մնալ, սակայն դրանք դերասանների և անձնակազմի ներքին պայմանավորվածության հարցեր են, որոնք բարձրաձայնել չեն կարող: Էդգարից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցերի մասին է խոսքը:

«Կոնկրետ ինձ հետ կապված հարցեր չեն եղել, մինչև վերջ էլ ցանկացել են, որ ես նկարահանվեմ, բայց ես բացատրել եմ, որ չկա ինչ-որ բան, որի պատճառով ես նախագծից դուրս եմ գալիս: Անկեղծ, շատ երկար եմ մտածել մինչև հասկացել եմ, որ չեմ ուզում ու պատրաստ չեմ նկարահանվել: Պայմանագիրը չեղյալ ենք համարել, հիմա ես ազատ եմ և կարող եմ զբաղվել  իմ հարցերով: Երբ դադարից հետո նոր նախագիծ վերցնեմ, կերպարիս ավելի հավեսով ու ավելի դրական կտրամադրվեմ: Հիմա իմ հավեսը կորել է, որովհետև հինգ տարի անդադար մի կերպարից մյուսն եմ անցել: Ես գիտակից մարդ եմ և ընդունում եմ՝ հեռուստաընկերությունն ինձ համար մեծ հարթակ ստեղծեց, որպեսզի ճանաչվեմ, այսքան հավատարիմ  հետևորդներ ունենամ: Գնահատում եմ այս ամենը և չեմ կարող նրանց հետ կապված որևէ խնդիր ունենալ»,- ընդգծեց Էդգարը:

Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվելու դադարի ընթացքում. «Կան գործեր, որոնցով հիմա զբաղվում եմ, բայց չեմ կարող բարձրաձայնել, դեռ ընթացքի մեջ են: Հիմա կարող եմ շատ ժամանակ տրամադրել կնոջս, ինչը նկարահանումների բերումով չէի հասցնում անել: Լինում էին մտքեր, որոնք ուզում էի իրականացնել, բայց չէի կարողանում: Դադարի այս շրջանը կօգտագործեմ իսկ երբ հանգստացած լինեմ ու լինի հետաքրքիր առաջարկ, հնարավոր է, կրկին նկարահանվեմ»:

tert.am