«2005 թվականից իմ աշխատավարձը չի բարձրացել՝ 63.000 դրամ է»․ Ռաֆայել Երանոսյանը՝ արվեստի ոլորտի խնդիրների ու նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին

198

Ռաֆայել Երանոսյանին բարկացրել է օրերս համացանցում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացրել են։ Այս լուրն իմանալը համընկել է դերասանի՝ տուգանվելու հետ, ինչի արդյունքում ԴԱՀԿ-ն նրանից գանձել է 7500 դրամ։

«2005 թվականից, որպես դերասան, աշխատում եմ պետական թատրոնում։ Իմ աշխատավարձը միշտ եղել է 63.000 դրամ ու երբեք չի ավելացել։ Այսօր տեղեկացա, որ հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ»,- Ֆեյսբուքում գրել է դերասանը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ գրառումը հումորով է արել, սակայն դերասանների աշխատավարձի հարցը լուրջ է։

«Մեքենա վարելիս խախտում էի արել, նամակ էր եկել, քանի որ տանը քիչ եմ լինում, նամակը չէի տեսել, գործը գնացել էր հարկադիր կատարողական։ Իմ տուգանքի չափը 5000 դրամ էր, հարկադիրն էլ 2500 դրամ ավելացրել էր ու քարտիցս պահել գումարը։ Երևի հոծ գծի խախտում է եղել կամ ինչ-որ օբյեկտի տիրոջ ավտոմեքենայի տեղում եմ կայանել, որ չէր կարելի։ Դեռ վճարումը չեմ արել, քարտիցս են պահել, երբ կմուծեմ, 7500 դրամը կնստի հաշվիս, որովհետև ես էլ եմ նոր տարի ուզում անել, փող է պետք,- հումորով ասաց դերասանը, ապա հավելեղ,- եթե լուրջ, ամեն ամիս հարկադիրին 30.000 դրամի չափով վճարում անում եմ»։

Դերասանը հումորով խոսեց այն հարցերի, մասին, որոնք, իր կարծիքով, ցավալի են։ «Քաղաքական թեմաներին միշտ հումորով եմ վերաբերում։ Քանի որ հիմա շրջանառվում էր նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելու թեման, որոշեցի այդ շեշտադրմամբ գրառուն անել։ 20 տարի է՝ աշխատում եմ, բայց այդպես էլ աշխատավարձի բարձրացում չտեսա, իսկ իրենք աշխատավարձի բարձրացումը գաղտնի են անում»,- ասաց նա,

Ռաֆոն սարկազմով խոսեց արվեստի ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձի մասին։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բյուջեն լցվի, ունենանք լավ Հայաստան ու մեր նորընտիր նախարարները 1․5 միլիոն աշխատավարձ ստանան, հանկարծ չմտածեն։ Նախարարներն ամբողջ օրը աշխատում են, իսկ մենք «դիվան ենք քշում»։ Թող ակտերը ժողովրդի վրա ազդեն, իսկ նախարարներն առանց պարտք ու պահանջի ապրեն։ 2005 թվականից իմ աշխատավարձը չի բարձրացել ու, առհասարակ, դերասանների աշխատավարձը չի բարձրանում, դե մենք ինչ ենք անում՝ կապիկություն, թող եղածով «յոլլա» գնանք։

Դերասանների գումարից դեռ պետք է կտրեն, առանց այն էլ շատ ենք, իրար կուտենք կքչանանք։ Թատերական ինստիտուտը ամեն տարի այդքան ուսանող է տալիս, ինչ են անելու իրենք»,- ասաց դերասանը։

tert.am