Երակների վարիկոզ լայնացումը միայն էսթետիկ խնդիր չէ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն վկայում է արյան շրջանառության խանգարման մասին: Այն կարող է վերջույթներում ծանրության, ցավի, այլ ախտանշանների պատճառ դառնալ: Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք հնարավորություն կտան կանխարգելել հիվանդության զարգացումը:

Վերահսկեք քաշը: Ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են երակների վարիկոզ լայնացման պատճառ դառնալ: Ավելորդ կիլոգրամները կարող են խանգարել արյան մատակարարմանը և խնդիրների հանգեցնել:

Վերահսկեք քաշը, օգտագործվող կալորիաների քանակն ու սննդի որակը: Սննդակարգ ներառեք բանջարեղեն, մրգեր, ամբողջահատիկ ցորենից պատրաստված մթերք: Օրվա ընթացքում 30 րոպե փորձեք տրամադրել վարժությունների կատարմանը: Եթե քաշը նորմայից շատ է տարբերվում, և ոչ մի կերպ չեք կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից, դիմեք մասնագետի օգնությանը:

Հարմարավետ կոշիկ կրեք: Հարմար, լայն, ցածրակրունկ կոշիկների ընտրությունը կարող է օգնել կանխարգելել ստորին վերջույթներում արյան շրջանառության խանգարումները: Խորհուրդ չի տրվում կրել 5 սմ-ից բարձր կրունկներով կոշիկներ:

Բավարար քանակով ջուր խմեք: Մարդիկ, ովքեր բավարար քանակով ջուր չեն խմում, հաճախ են բախվում արյան շրջանառության հետ կապված խնդիրների: Ջուրը չափազանց կարևոր է ամբողջ օրգանիզմի համար:

Շատ կիպ հագուստ մի կրեք: Շատ կիպ հագուստի կրումը կարող է նպաստել երակային մանր ցանցի, վարիկոզի առաջացմանը: Ազատ, բնական կտորից պատրաստված հագուստ կրեք:

Բարձրացրեք ոտքերը: Ոտքերը վեր բարձրացնելը կարող է օգնել լավացնել արյան շրջանառությունը, կանխարգելել երակների վարիկոզ լայնացումը: Ոտքերը 2-3 րոպե պահեք բարձր դիրքում:

Խուսափեք աղի չարաշահումից: Աղ պարունակում է օգտագործվող մթերքների մեծ մասը, այն ավելացվում է նաև ճաշատեսակներին, ինչի արդյունքում մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում գերազանցում է թույլատրվող չափաբաժինը: Դա հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների, այդ թվում՝ այտուցների, բորբոքման, խոչընդոտում է արյան շրջանառությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը