«Գազելներն» այլեւս չե՞ն աշխատի. խոսնակի պարզաբանումն ու լավ նորությունը

168

100 նոր ավտոբուսի մրցույթի արդյունքները պարզ կլինեն առաջիկայում: 400 միկրոավտոբուս չի շահագործվի: Araratnews.am-ին ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Մայիսի 18-ից Նուբարաշենը սպասարկող 47 համարի միկրոավտոբուսը չի աշխատում, քանի որ կորոնավիրուսի պատճառով եւ պարետատան որոշմամբ կանգնած ուղեւորներ թույլ չեն տալիս հանրային տրանսպորտում: Իսկ 47 համարի միկրոավտոբուսը մշտապես աշխատել է գերբեռնված` կանգնած ուղեւորներով:

Araratnews.am-ի տեղեկություններով` հնարավոր է առաջիկայում 47 համարի միկրոավտոբուսների գործունեությունը դադարեցվի: Խոսակցություններ կան, որ ընդհանրապես միկրոավտոբուսները` որպես հանրային տրանսպորտ, չաշխատեն, եւ դա լինի մինչեւ տրանսպորտային նոր ցանցը:

Խոսնակի տեղեկացմամբ, Նուբարաշենը պետք է ապահովված լինի տրանսպորտով: «Կարծում եմ` հնարավորինս սեղմ ժամկետում կամ 47 համարի երթուղին կվերականգնի իր աշխատանքը, կամ փոխարինող երթուղի կլինի»,- վստահեցրեց խոսնակը:

Ինչ վերաբերում է ընդհանրապես միկրոավտոբուսների չաշխատելուն, Հակոբ Կարապետյանն ասաց, որ 400 միկրոավտոբուս չի շահագործվելու: «Պատրաստվում ենք նաև տրանսպորտային նոր ցանցին, ուստի նպատակահարմար է միանգամից դրանք փոխարինել ավտոբուսներով»,- մանրամասնեց Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետարանը հայտարարել էր 100 նոր ավտոբոուս գնելու մասին: Խոսնակին հարցրինք`մրցույթի արդյունքներն արդեն հայտնի՞ են: «Մրցույթի արդյունքները հունիսի 2-րդ կամ 3-րդ շաբաթում պարզ կլինեն»,- մանրամասնեց քաղաքապետի խոսնակը:

Հիշեցնենք`խոսքը 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով ավտոբուսների մասին է: