Վրաստանի սահմանը երկու անգամ հատել է մեկը, որը, հնարավոր է, աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների տասնյակում է

179

Թբիլիսիի «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, հղում անելով գաղտնի աղբյուրին, այսօր հայտնել է, որ Վրաստանի սահմանը երկու անգամ՝ ապրիլին եւ մայիսին, հատել է Եմենի քաղաքացի, որը հնարավոր է, աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների տասնյակում է, գրում է News.am-ը՝ հղում անելով «Նովոստի-Գրուզիա»-ին։

Հեռուստաընկերության ցուցադրած սյուժեի համաձայն, այդ մարդը կարող է լինել Աբդուլահ Ահմեդ Աբդուլահը կամ Աբու Մուհամմեդ Ալ Մասրին՝ «Ալ Քաիդա»-ի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։

ՀԴԲ-ում եւ Ինտերպոլում կան տվյալներ հետախուզման մեջ գտնվող Abdullah Abdullah Ahmed-ի մասին, որը 57 տարեկան է եւ Եգիպտոսի ու Եմենի քաղաքացիություն ունի։

ԱՄՆ «Արդարության համար պարգեւատրում» կառավարական ծրագր համաձայն, ահաբեկչի որոնումներին օգնելու համար հայտարարվել է 10 մլն դոլար պարգեւատրում։ 2015-ի սեպտեմբերին Աբդուլահը եւ «Ալ Քաիդա»-ի այլ ղեկավարներ ազատ էին արձակիվել Իրանի բանտից՝ իրանցի դիվանագետին վերադարձնելու դիմաց, որին «Ալ Քաիդա»-ն առեւանգել էր Եմենում։

«ՀԴԲ-ի եւ Ինտերպոլի պաշտոնական կայքերում նշվում է, որ նա «Ալ Քաիդա»-ի գործողությունների ամենահայտնի պլանավորողն է։ Նրա հատուկ նշաններից են շուրթի վրա սպին։ Այդ մարդը, հնարավոր է, աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների տասնայակում է։ Նա այնքան ազդեցիկ է, որ նրա հարսանիքին ներկա է եղել Բեն Լադենը։ Վրաստան նա ժամանել է Մուբարաք ազգանունով»,- ասվում է հեռուստաընկերության սյուժեում։

«Մենք ոչինչ չենք հաստատում, սակայն Վրաստանում կալանավորված տղամարդը միջին հասակի մարդ է եւ նույնպես շուրթի վրա սպի ունի։ Պետանվտանգության ծառայությունն ընդհանրապես հերքում է ահաբեկչի կալանավորումը եւ պնդում է, որ Եմենի քաղաքացուն կալանավորել են կաշառք տալու համար եւ բաց են թողել դատաիրավական համաձայնագրի կնքումից հետո»,- ասվում է սյուժեում։

Միաժամանակ, Վրաստանի ՊԱԾ-ում հաստատում են միայն այն, որ Եմենի ոմն քաղաքացի է կալանավորվել, նրան կաշառք տալու եւ սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է առաջադրվել։

ՊԱԾ ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել են, որ գերատեսչությունը մասնակցում է գործին, քանի որ կաշառքը ոստիկաններն են ստացել, եւ հերքել է, որ ահաբեկչության մեջ մեղադրվող մարդ է երկիր մտել։

«Ֆորմուլա»-ի լրագրողները կարծում են, որ «գործը գաղտնի է, դատական գործընթաց օտարերկրացու հանդեպ չի կայացել, եւ տվյալներ կան, որ նրան արդեն փոխանցել են ամերիկացիներին»։

«Ֆորմուլա»-ի սյուժեի համաձայն, Եմենի կասկածելի քաղաքացին երկու անգամ է Վրաստան մտել Վերին Լարսի անցակետով, եւ ամեն անգամ կաշառք է տվել պարեկային ոստիկանության նույն աշխատակցին։

Երկրորդ անգամ դա տեղի է ունեցել մայիսի 6-ին, երբ արտասահմանցին սահմանը հատել է բեռնատարով։ Սահմանին նրա անձնագրում կնիքը դրել է պարեկային ծառայության տեսուչ Դմիտրի Տատունաշվիլին։ Ընդ որում, հետաքննության տվյալներով, նա օգտագործել է գործընկերոջ կնիքը։ Սահմանն անցնելու թույլտվության համար ոստիկանը 800 դոլարի չափով կաշառք է վերցրել։

Առաջին անգամ ապրիլին ժամանելով Վրաստան՝ Եմենի քաղաքացին Թբիլիսիում անցկացրել է մի քանի օր եւ կրկին Վերին Լարսով նույն տեսուչի հերթապահության օրը վերադարձել է Ռուսաստան։

«Ֆորմուլա»-ի տվյալներով՝ բարձրացած աղմուկի պատճառով իջեցվել են անցակետի պետի եւ հերթափոխի պետի պաշտոնները, ինչպես նաեւ աշխատանքից հեռացվել է տեսուչի գործընկերը, որի կնիքը նա օգտագործել է։

Ոստիկանի կողմից կաշառք ստանալու գործով դատը տեղի է ունեցել մայիսի 7-ին, առանց փաստաբանի։ Նա գտնվում է կալանավորման մեջ»,- հայտնում է «Ֆորմուլա»-ն։

Միաժամանակ, հեռուստաընկերությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտասահմանցու կալանավորման հետ կապված տեղի է ունեցել դատավարություն, տեղեկատվություն չկա նաեւ դատին հրավիրված թարգմանչի մասին։ Հենց սրանից ելնելով է հեռուստաընկերությունը եզրակացնում, որ գործը գաղտնիացված է։