Չինաստանում գերեզմանափոսից 79-ամյա հաշմանդամ կնոջ են դուրս բերել, որին ողջ-ողջ թաղել էր որդին

795

Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում ոստիկանությունը գերեզմանափոսից 79-ամյա հաշմանդամ կնոջ է դուրս բերել, որին ողջ-ողջ թաղել էր որդին, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Վան անունով կնոջը ոստիկանությունը հայտնաբերել է հարսի շնորհիվ, որը նրա անհետացման փաստով դիմել էր ոստիկանություն։

Հանցանքի համար մեղադրվող 58-ամյա որդուն ոստիկանությունը ձերբակալել է և մեղադրում է մահափորձի իրականացման համար։ Դեպքի առիթով անցկացվում է հետաքննություն։

Նշվում է, որ հարսը ոստիկանություն է դիմել՝ նշելով, որ մայիսի երկուսի առավոտյան տղան հաշմանդամ մորը նստեցրել է ձեռնասայլակի մեջ ու դուրս հանել տնից։ Հաղորդագրությունից հետո տղային անմիջապես կանչել են ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ վերջինս խոստովանել է, որ փորձել է լքված գերեզմանում կենդանի մորը թաղել։

Շուտով ոստիկանները դեպքի վայր են ժամանել ու գերեզմանափոսի մոտից օգնության կանչի ձայներ լսել։ Բարեբախտաբար, հաշմանդամ կինը կարողացել է երեք օր առանց հաց ու ջրի գոյատևել։