«Աղուհացը ես տարա, տունը նրան տվին, ջանիդ մեռնեմ». գյուլագարակցի տատին հույսով սպասում է վարչապետի խոստմանը

513

«Աղջիկս ասավ վարչապետը գալ տի, աղուհացը դուռը բերի, ինձ գրկեց, պաչեց, ասավ տատիկի տունը պտի սարքվի: Բա հմի ի՞նչ էղավ ջանիդ մեռնեմ: Կռիշը գլխիս փուլ ա գալիս, գոնե մենակ էդ վերանորոգեն:

Ուզում եմ ասեմ՝ տո վարչապետ ջան, սիրըմ եմ, իրան էլ եմ սիրըմ, գիտեմ երկիրը քանդված ա, ես հասկանում եմ, հո նեղանում չեմ, բայց կռիշը գլխիս փուլ ա գալիս»,- ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց 80-ամյա Սոնիկ տատիկը, որին Լոռու մարզի Գյուլագարակ համայնք այցելության ժամանակ՝ դեռևս մարտի սկզբին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսեց և խոստացավ օգնել։

Նրա խոսքով՝ վարչապետի խոստումը օդում կախված մնաց. «Վարչապետը հետի տղին ասավ՝ տունը նկարի, համար տուր, բայց հիմի զանգում եմ, ասում ա՝ այ տատ ջան, հիմի դրա ժամանակը չի, ահագին գործ կա:

Թող ինձ կոնկրետ ասեն սարքելու են, թե՞ չէ: Աղջիկս կամպյուտերով վարչապետին գրեց, թե Գյուլագարակի տատիկին չմոռանաս, էլ չգիտեմ կարդաց, թե՞ չէ»,- նշեց տատիկը:

Անդրադառնալով կուրթանցի Մեխակին, որին նույն օրը հանդիպել էր վարչապետը և արդեն երկհարկանի տուն են տվել, տատին արձագանքեց. «Աղուհացը ես տարա, տունը նրան տվին, ջանիդ մեռնեմ»,- սրտնեղեց գյուլագարակցի Սոնիկ տատը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Սոնիկ տատը պատմել էր, որ դեռևս տարիներ առաջ երկրաշարժից տունը փլատակվել է, բայց ծրագրի մեջ չեն ընդգրկվել։

Նույն տանիքի տակ, անբարենպաստ պայմաններում տատիկի հետ միասին ապրում են նրա աղջիկն ու ամուսինը՝ իրենց 2 ապագա զինվորների հետ։ Աղջիկը ողնաշարի խնդիր ունի, ամուսինը հաշմանդամ է, ապրում են տատիկի թոշակով ու երեխաների նպաստով, տատիկի թոշակով կոմունալ վճարումներն են անում, նպաստով՝ խանութի պարտքերը փակում։

«Տղիս ուղարկեցի խոպան, գնաց, ինֆարկտ խփեց, մահացավ։ Տղիս դարդից էլ ամուսինս մահացավ: Հիմի աղջկաս ընտանիքի հետ ենք ապրում, 2 սալդատ թոռ եմ մեծացնում։ Մի ձև յոլա ենք էթում»,- պատմել էր տատիկը։