«Ես որեւէ մեկին ոչ նախանձում եմ, ոչ նախատում, ոչ էլ անտեր-անտիրական դեն նետված մեկն եմ, որ․․․». Հարություն Մովսիսյան

2017

Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, որն այժմ նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, տեւական ժամանակ է՝ գեղարվեստական ֆիլմերում հանդես չի գալիս:

Այն հարցին, թե որն է դրա պատճառը, պարոն Մովսիսյանը պատասխանեց՝ այնպիսի տպավորություն ունի, որ այժմ ֆիլմեր նկարահանում են ընկերներով, սիրողական մակարդակով, ամեն մեկը հրավիրում է իր ծանոթին. «Կարծես թե ֆիլմի ասելիքի հարցը մղվել է վերջին պլան: Ինձ ճիշտ հասկացեք՝ այնպես չէ, որ անտարբերության եմ մատնված:

Ես որեւէ մեկին ո՛չ նախանձում եմ, ո՛չ նախատում, ո՛չ էլ անտեր-անտիրական դեն նետված մեկն եմ: Պարզապես ոչ լուրջ մոտեցում եմ նկատում դաշտում: Ոմանք փող ունեն, ինչ-որ մարդկանց առաջ են մղում, ասում են՝ ումի՞ց ես պակաս, դերասանի սովորելը ո՞րն է: Բայց սա արհավիրք է: Այս է պատճառը, որ ժողովրդի մի մասին թվում է, թե դերասանները տգետ մարդիկ են, նրանց անգամ «դեռասան» են ասում…

Եվ սա այն դեպքում, երբ մենք ունեցել ենք Փափազյան, Մկրտչյան, Աբրահամյան: Ամենավատն այն է, որ այդ նույն մտածելակերպը կարող է ունենալ նաեւ իշխանավորը, վերեւներում նստած մեկը: Նախկինում՝ խորհրդային տարիներին, մեր մեծերը նկարահանվել են հզոր ֆիլմերում՝ առանց նույնիսկ գումարի մասին մտածելու, իսկ հիմա իրենցից ոչինչ չներկայացնողները գալիս են ու առաջինը փողի հարցն են առաջ քաշում:

Չեմ կարող ասել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, բայց կան այդպիսի ուժեր: Որպեսզի նրանք ազդեցություն չունենան, պետք է պրոֆեսիոնալների նկատմամբ պետական մակարդակով հոգատարություն ցուցաբերվի: Շատ անփույթ են փորձառու, թատրոնում եւ կինոյում հետք թողած արտիստների նկատմամբ»: