«Պարոն վարչապետ, հայը դադարել է հային հարգել, հայը դադարել է հային լսել, մենք հայերով ատում ենք իրար». Սարգիս Գրիգորյան

524

Սարգիս Գրիգորյանը բաց նամակ է գրել ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասվում է․

«Պարոն վարչապետ, ես՝ ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյանս դիմում եմ Ձեզ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես, իմ ընտանիքն ու ևս մոտ 60 հայտնի արվեստի ու մշակույթի գործիչներ բառիս բուն իմաստով հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են հալածվել ու սպառնալիքներ ստանալ…

Դա շատ ծանր է տեսնել, զգալ ու դա հղի է շատ լուրջ հետևանքներով… ՀՀ քաղաքացին պարտավոր է ունենալ սեփական կարծիք, ազատ արտահայտել այն և ամենևին պարտադիր չէ, որ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքին… Մենք չենք ապրում տոտալիտար երկրում՝ թե սխալվու՞մ եմ…

Ցավով պիտի նշեմ՝ հասարակության այն սոցիալական ու մտավոր շերտը, որն իր բողոքը, հույզերը, ցանկությունները արտահայտում է հայհոյանքի, քծնանքի, սպառնալիքի միջոցով՝ այդ շերտի գերիշխումը երկիրը տանում է կործանման…

Հայը դադարել է հային հարգել, հայը դադարել է հային լսել, հայը դադարել է սոց. ցանցից դուրս հայի հետ շփվել…Պարոն վարչապետ մենք հայերով ատում ենք իրար…

Այս կոնտինգենտը լուրջ հարված կարող է հասցնել մեր արժեքներին ու մեր բազմադարյան մտածողությանը՝ էլ չեմ խոսում պառակտման մեծ վտանգի մասին…

Չի կարելի հույս դնել նման կերպ արտահայտվող զանգվածի վրա՝ պետք է պայքարել նրանց դեմ՝ դաստիարակել… Այսօր նրանք Ձեր կողքին են։Ես համոզված եմ, որ վաղը հենց նրանք Ձեզ կհոշոտեն (կներեք կոշտ , բայց անկեղծ արտահայտվելու համար)։

Վերացրեք սևն ու սպիտակը, քանի դեռ ուշ չի, չկա հին ու նոր Հայաստան՝ կա Հայաստան և վերջ… Մենք մի ժողովուրդ ենք ու միասնակամ կարող ենք լուծել մեր բոլոր խնդիրները՝ հարգելով միմյանց կարծիք, լսելով առողջ քննադատություն և ուղղակի առանց էմոցիաների շփվելով։

Ովքեր ինչ-որ չափով ճանաչում են ինձ, տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի… Սա զուտ անհանգստություն է և սրտացավություն։

Հարգանքներով Ձեր և յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»։