«Որտեղ հեղափոխությունն է, այնտեղ էլ` հակահեղափությունը, ո՞նց կարելի էր նման բան չսպասել»․ Արմեն Մարության

238

Պարոն Մարությանը նշել է, որ եթե ժողովրդի մեծամասնությունը սատարում է Նիկոլ Փաշինյանին, ինքը չի կարող այլ կերպ վարվել: Միեւնույն ժամանակ դերասանը կարծիք է հայտնել, որ հակահեղափոխականները քնած չեն, ատամները սրած սպասում են, որ ներկայիս իշխանությունը սխալվի:

Մեր զրուցակիցը տեսակետ է հայտնել, որ խորհրդարանում բազմակարծություն է պետք, որպեսզի «թագավորի» սուրը աջ ու ձախ չկտրի:

-Որտեղ հեղափոխությունն է, այնտեղ էլ` հակահեղափությունը, ո՞նց կարելի էր նման բան չսպասել: Ամեն բան կախված է այն բանից, թե իշխանությունն ինչպես կպահի իրեն: Հակահեղափոխականներն էլ հո քնա՞ծ չեն, սպասում են, որ իշխանությունը սխալվի, ու հարձակվեն: Որտեղ «դիմությունն է», այնտեղ էլ` ընդդիմությունը: Պետք է կարողանալ ճիշտ աշխատել, անաչառ լինել. բարդ բան է դա:

-Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը կարող է անցնել խորհրդարան առանց կաշառք բաժանելու: Դուք դա հնարավոր համարու՞մ եք:

-Ամեն կուսակցություն էլ իր համախորհներն ունի: Եթե իրենք կարողանան նվազագույնի շեմը հաղթահարել, ավելի լավ․ որքան շատ կուսակցություններ լինեն խորհրդարանում, այնքան լավ, այնքան հետաքրքիր կլինի, այլապես Հայաստանը կդառնա միակուսակցական երկիր ԽՍՀՄ-ի նման: Անպայման պետք է ընդդիմություն լինի, որ «թագավորի» սուրը աջ ու ձախ չկտրի, կտրելուց առաջ ասի` կարո՞ղ է էսինչ մարդն ինձ դեմ դուրս գա, չնայած Նիկոլ Փաշինյանը խելոք մարդ է, զարմանալի խելոք եւ պատրաստված: Հավատում եմ, որ այդպիսի բան չի անի: