ՀՀ վարչապետի ելույթը՝ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում

232

ՀՀ վարչապետի ելույթը՝ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարան և հանդիպել համալսարանի ղեկավար և ուսանողական շրջանակների հետ։

Այնուհետև Կոլումբիա համալսարանում՝ Աշխարհի առաջնորդների ֆորումի շրջանակում, կայացել է Հայաստանի վարչապետի հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։

Համալսարանի նախագահ Լի Բոլինգերը ողջունել է Հայաստանի վարչապետին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում և իր խոսքում անդրադարձել մեր երկրին, ներկայացրել Հայաստանին վերաբերող ամփոփ տեղեկատվություն։
«Կոլումբիա համալսարանը հատուկ նշանակություն ունի այն հայերի համար, ովքեր ավելի քան մեկ դար ներկա են եղել այստեղ:

Կրթությունն ու համալսարանները կարևոր դեր են խաղում երիտասարդությանն ուղղորդելու, սոցիալական փոփոխություններն առաջ մղելու և վաղվա մեր աշխարհը վերափոխելու համար: Կրթությունն անփոխարինելի է ազատության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի հիմնարար արժեքների պահպանման և խթանման գործում:

Արդի աշխարհում, որտեղ բացառման և անհավասարությունների մասին հաղորդագրություններն անընդհատ բազմապատկվում են, այդ արժեքների պահպանումն ու դրանց գործնական կիրառումն առավել քան կարևոր է այսօր: Գլոբալ մասշտաբով ժողովրդավարական արժեքների արժեզրկմանն ու ավտորիտար միտումների ահագնացմանը հակազդելու համար աշխարհին պետք են ներառականության և առաջընթացի դրական օրինակներ, և ահա այստեղ, ես կարծում եմ, որ Հայաստանը կարևոր փորձ ունի կիսելու»,-ասել է ՀՀ վարչապետը:

Իր ելույթի ընթացքում նա նաև անդրադարձել է 2018-ի հեղափոխությանը:

«Այսօր Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է՝ մամուլի և հավաքների կայացած ազատությամբ: Ընտրակեղծիքների և համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում ընդմիշտ փակված է։

Անկախ դատական համակարգի բացակայությունը մեր երկրում դեռևս մեծ խնդիր է: Ցավոք, իշխանության տարբեր ճյուղերի շարքում դատական համակարգը վայելում է մեր հասարակության վստահության ամենացածր մակարդակը: Ուստի պատահական չէ, որ իրապես անկախ և արդյունավետ դատական համակարգ ստեղծելու և անաչառ դատարաններ կառուցելու մեր քայլերը բախվում են լուրջ դիմադրության նրանց կողմից, ովքեր հեղափոխությունից առաջ դատական համակարգի նկատմամբ անսահմանափակ վերահսկողություն էին իրականացնում: Նրանք հասկանում են, որ դատական հաջողված բարեփոխումների արդյունքում նրանք կկորցնեն իրենց վերջին հենակետը և հույսերը` վերականգնելով իրենց քաղաքական ազդեցությունը Հայաստանում: Այդ հույսերը ոչ այլ ինչ են, քան պատրանքներ, որոնք մենք աստիճանաբար ապամոնտաժել ենք հեղափոխության յուրաքանչյուր փուլում:

Դատաիրավական ոլորտի բարեփոխումներով մենք կամրապնդենք հեղափոխության նվաճումները՝ իրական փոփոխություններ բերելով մեր քաղաքացիներին և վստահություն՝ դատական իշխանության նկատմամբ»,-ընդգծել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

mamul.am