Լարված իրավիճակ՝ Նոր Խարբերդի տներից մեկում․ ընտանիքի 6 անդամներ կարող են հայտնվել փողոցում

381

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Նոր Խարբերդ 8-րդ փողոցի 76/31 տանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։00-ից նշված հասցե են ժամանել Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, ովքեր նշված տան բնակիչներին հորդորում են, որպեսզի տունը ողջ տարածքով ազատեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված հասցեի բնակչուհի 47-ամյա Մարինե Սաֆարյանին Շտապօգնությունը տեղափոխեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որովհետև կնոջ ինքնազգացողությունը վատացավ։

Ըստ բժիշկների՝ նրա մոտ ախտորոշվել է նախաինսուլտային վիճակ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված ընտանիքի շահերը պաշտպանող Փաստաբանների պալատի փաստաբան Մանուշակ Հակոբյանն ասում էր․ «20 օր առաջ ինձ դիմել է Մարինե Սաֆարյանը և հայտնել որ ինքը և իր ընտանիքը դարձել են ՎՏԲ բանկի խաբեությունների հերթական զոհը, և ներկայացրել է փաստաթղթեր։ Ես, ուսումնասիրելով այդ փաստաթղթերը, դիմել եմ նաև տնտեսագետ մասնագետներին և պարզել, որ վարկային պայմանագիրը կնքվել է օրենքի կոպիտ խախտումներով։ Հայց եմ նախապատրաստել և ներկայացրել ընդանհուր իրավասության դատարան։ Միաժամանակ կատարված ապօրինությունների մասին դիմել են գլխավոր դատախազին։ 1-ին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, սակայն 2 անգամ ներկայացրել եմ միջնորդություն հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է։

Այդ մերժումը մեր կողմից բողոքարկվել է վերադաս ատյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Բանկը հասկանալով, որ Մարինե Սաֆարյանը իրավական ճանապարհով փորձում է իր իրավունքները պաշտպանել, դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Մարինե Սաֆարյանին և իր ընտանիքի անդամներին իր տանից վտարելու պահանջով։ Ընտանիքը բազմանդամ է․ ընտանիքում կա 2 անչափահաս երեխա, որից մեկը 20 օրական։ Նորածնի մայրը հիվանդ է հետծննդյան բարդություններով։ Ընտանիքում կա նաև հաշմանդամության կարգ ունեցող մարդ, սակայն բանկը հաշվի չառնելով այս հանգամանքները, և չսպասելով վերաքննիչ դատարանի որոշմանը, հաշվի չառնելով գոյություն ունեցող իրավական վեճը, ոչ մի փոխզիջումային տարբերակի չի գնում տան բնակիչների հետ, ակնհայտ էժան գնով ձեռք բերելով տունը, փորձում է բնակիչներին վտարել և վաճառել տունը, որովհետև աճուրդի կայքում արդեն տեղադրված է»։ Ֆոտոլրագրողը հյատնում է նաև, որ նշված տան բնակիչները այստեղ ապրում են 1996 թվականից, տղաներն այստեղից են բանակ գնացել։ Ու հիմա այստեղ են հավաքվել նաև ողջ թաղամասի բնակիչները, ովքեր նույնպես խնդրում, հորդորում են թե՛ հարկադիր կատարողներին, թե՛ ՎՏԲ բանկի տաքուկ կաբինետներում ծվարած աշխատակիցներին, որպեսզի ժամանակ տան մինչև վերադաս դատարանը որոշում կկայացնի։ Թե չէ ընտանիքի ողջ անդամները, այդ թվում անչափահաս երեխաները, որոնցից մեկը բարուրի մեջ է, հայտնվելու են դրսում։

 

 

topnews.mediamall.am