Բժիշկները պացիենտի համար նրա ձեռքի հյուսվածքներից լեզու են ստեղծել (ֆոտո)

365

Բրիտանացի Ռեբեկա Փաթերսոնը լեզվի քաղցկեղ ուներ, եւ վնասված հյուսվածքների մի մասը բժիշկները ստիպված էին հեռացնել։ Նրանք մի փոքր վիրահատությամբ վերականգնել էին լեզուն՝ օգտագործելով ձեռքից վերցրած հյուսվածքները։

Daily Mail-ը պատմում է, որ 8 տարի Ռեբեկայի լեզվի վրա փոքրիկ խոց է եղել, իսկ բերանի խոռոչում՝ սպիտակ հետք։ Բժիշկներն ասում էին, որ նրա մոտ կանդիդոզ է, որ մարդկանց մեծ մասի համար վտանգ չի ներկայացնում։ Սակայն ժամանակի ընթացքում կնոջ լեզուն այնքան ուժեղ էր սկսել ցավել, որ նա չի կարողացել ուտել եւ քնել։

2018թ․ ապրիլին Ռեբեկային բիոպսիա են արել, եւ պարզվել է, որ նրա մոտ քաղցկեղ է։ Կնոջ խոսքերով, ինքը ծանր է տարել այդ նորությունը՝ դրանից ոչ շատ առաջ նրա ընկերը առաջարկություն էր արել իրեն։ Կինը նաեւ մտահոգված էր, որ ընդմիշտ կզրկվի խոսելու ունակությունից։

Սակայն բժիշկները գտան լուծումը։ 11 ժամանոց վիրահատության ընթացքում հեռացրել էին նրա լեզվի առաջին մասը, որի վրա ուռուցք կար, եւ այն փոխարինել իր իսկ մաշկով եւ զարկերակի մի կտորով, որ վերցրել էին ձախ ձեռքից։ Որպեսզի նոր լեզուն տեղավորվի բերանում, բժիշկները ստիպված են եղել կտրել վզի աջ կողմի լիմֆատիկ հանգույցները եւ երկու ատամ հեռացնել։

Վիրահատությունից հետո Ռեբեկան մեկ շաբաթ չէր կարողացել խոսել եւ դժվարությամբ էր շարժել վիզն ու ձեռքերը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ստիպված էր կրկին սովորել կուլ տալ եւ ուտել։ Երկար ժամանակ նա կարողանում էր միայն խյուսի վերածված կերակուրներ ուտել։

Վիրահատությունից 5 ամիս անց կինը վերադարձել է դպրոց՝ աշխատանքի։ Նա զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությամբ։

mediamall.am