«Պահմտոցիի» հեղինակը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրա փոխարեն մեղավորությունը իր վրա էր փորձում վերցնել զինղեկը

402

Վրաերթ Երևանում. Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակը վրաերթի է ենթարկել  հետիոտնին. նրա փոխարեն մեղավորությունը իր վրա էր փորձում վերցնել զինղեկը

Հոկտեմբերի 4-ին, իրավապահները պարզել են, որ սեպտեմբերի 30-ին Երեւան քաղաքի Շիրվանզադե –Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում Երեւանի բնակիչ, 38-ամյա Սվետլանա Աբրահամյանին նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 55-ամյա Սարգիս Միքայելյանը՝ իր վարած Dodge մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենայով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղից «Սլավմեդ» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ներկայացել էր Երեւան քաղաքի Շիրվանզադեի փողոցի բնակիչ Մերուժան Միքայելյանը, ով հայտնել էր վրաերթը կատարել է ինքը եւ նա աշխատում է Երեւանի թիվ 56 հիմնական դպրոցում՝ զինղեկ, սակայն ոստիկանները օրեր անց պարզել են, որ վրաերթը կատարել է Ս. Միքայելյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ եւ ռեժիսոր: