Հաղթանակը մեր անցյալի, ապագայի և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է

52

Թուրքերի բանաստեղծը երդվում էր կտրել հայի իմ ձեռքը՝ եթե Ղարաբաղին մեկնեմ։ Երդվում է, և իր ժողովուրդը նրան ցեղապետ է մեծարում, և իր կառավարությունը նրան զարդարում է շքանշաններով։ Եվ դա սահմռկելի է, որովհետև և նա, և նրանք լավ գիտեն, որ Ղարաբաղն ինքնիշխան ժողովրդի հայրենիք է, այնինչ՝ խոսում են որպես անտեր-անլեզու տարածքների, որպես տիրամեռ տան մասին։

Սա թուրքի ամայացնող հայացքն է. նայում է՝ և ես չկամ. իմ տունուտեղը, իմ ջուրն ու սարը կան, ես չկամ. չկամ ու չեմ լինի՝ եթե հայի իմ ձեռքը հանկարծ ու իր Ղարաբաղին գցեմ, չի լինի ոչ իմ կենդանի այսօրը, ոչ էլ լռիկ պատմությունը, և նրանց պատմաբանը հանուն բարեխղճության կարտագրի իր անգորացի ցեղակցի հիշատակարանը մեր մեծ նախճիրի ու մեր մասին. «Այս վայրերում ի թիվս այլոց նաև հայ անվանյալ ժողովուրդ է ապրել, որ երկրի դժվար տարիներին հեռացել է»։ Այսպես գրել են, այսպես կգրեն։ Իսկ իմ նախնին իր ավելի սև ժամանակներում ավելի մարդակեր թշնամու մեջ ասպետական ոգի էր տեսնում, ասում էր — «թուրքի ասպետականությունը»։ Եվ թեկուզ սա խոսում է վեհանձն ասպետականության մասին իմ նախնու, քանզի աշխարհն այն է, ինչ որ դու ես, բայց իմ բարձր նախնու հավատամքը ես դավանել ու վստահ էի, թե ասպետական թուրքը հայի իմ թաթը կտրելու է միայն մի դեպքում, եթե հայի իմ ձեռքը չմեկնեմ Ղարաբաղի իմ եղբորը, թքելու է իմ անամոթ երեսին՝ եթե երես դարձնեմ իմ Ղարաբաղից, հատելու է սրունքներս՝ եթե կովկասյան իմ հայրենիքից ոտքս փախուստի գցեմ։ Սրանք ահա՝ գոնե հանդուրժման ոգու այս կրողները կամ կրելու դեռևս ունակները, և նրանք՝ որ բանականության ու բարոյականության օրենքները լեզվի խաղ համարեցին և դավանեցին բռնությունն ու զավթումը, և նրանք՝ որոնց միջնորդական ջանքերն ազնվությամբ են շողում, և նրանք՝ որ ահագնացող օրհասի վիշապային ծավալները տեսնում ու մեզ կարեկցում են, նրանք բոլորը՝ բարեկամներն ու թշնամիները, եթե իմ քարոտ լեռնաստանից չոր մի բլուր անգամ թշնամուն ձգեմ, նրանք բոլորն ինձ դավաճան են խարանելու. և ոչ մի թաքստոցում ես չեմ զորելու թաքնվել նրանց արհամարհանքից, որովհետև չեմ զորելու թաքնվել ինքս ինձանից։ Հաղթանակը, միայն հաղթանակն է ազատելու մեզ թշնամու, կողմնակիների և մեր իսկ քամահրանքից։

Հաղթանակը մեր անցյալի և ապագայի, և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է։ Պարտությունը սուտ և անգո մի բան է դարձնելու մեր անցյալը՝ բանաստեղծ վարդապետների զառանցանք։ Պարտությունը անհայրենիք տնանկներ է դարձնելու մեր երեխաներին, մեզ նրանց սև անեծքին է արժանացնելու։ Պարտությունը մեզ դարձնելու է արդարության դռներին տաղտկալի քարշ եկողներ, որոնց երբեմն գուցե և կարեկցում են, բայց երբեք՝ հարգում։ Ամեն մի այսօրը նորոգ երեկն է։ Մեր հաղթական այսօրից հաղթական էլ անցյալ է հառնելու, մաքուր առանձնատներով ծաղկուն քաղաքների Հայաստան հայրենիք է բացելու մեր հաղթանակած այսօրը, սահման է դնելու խավարի թագավորությանը՝ ուրախություն բոլորի և թշնամու, և թշնամու նույնպես, քանի որ, ենթադրում եմ, ինքն էլ է նողկում սումգայիթյան իր հարյուրամյա զառանցանքներում տապակվելուց։

4rd.am