Բողոքի ցույց Ստեփանակերտում՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում»

4604

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել է բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքի կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան` ելույթների ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն նախագահին»:

Բողոքի ցույցի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն իր ելույթում ասաց, որ 30 տարի անց կրկին հավաքվել են` պաշտպանելու Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում: Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է մեր կողքին, և մեր պահանջն է շտապ ազատ արձակել նրան: Սա ողջ Արցախի ձայնն է»,- նշեց է Գ. Աֆանասյանը:

Հավաքի նախաձեռնողներից Ալեքսանդր Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը, երիտասարդ տարիքում ստանձնելով պատասխանատու պաշտոններ, իր գործը կարողացել է պատվով կատարել: «Սակայն այսօր նա, ցավոք սրտի, մեր կողքին չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատ արձակել նրան: Մեր հակառակորդն իրեն շատ լավ է զգում, երբ տեսնում է, որ ազգի հերոսին հենց իր ազգն է դատապարտում: Եկեք կանգնենք և Ռոբերտ Քոչարյանի ազատության համար մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»,- նշեց Ա. Հայրապետյանը: Բողոքի ցույցի մասնակիցներից Դոնարա Գաբրիելյանն էլ իր ելույթում մասնավորապես ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի ազատագրական պայքարում իր երիտասարդ տարիներն է նվիրել հայրենիքին և արժանի է մեծ հարգանքի: «Ես զարմանում եմ, թե հիմա ինչ կատարվում մայր Հայաստանում: Բռնում են մարդուն, հետո նոր սկսում ապացույցներ գտնել: Մենք պահանջում ենք բաց դատավարություն»,- նշեց Դ. Գաբրիելյանը:

Aravot.am-ի հետ զրույցում բողոքի ցույցի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն ասաց` իրենց նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ: Նա նշեց, որ Արցախում բողոքի ցույցի իրականացումը հայաստանյան և արցախյան հասարակությունների միջև որևէ խնդիր չի կարող առաջացնել: «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, ու մենք կշարունակենք ենք այնքան` մինչև հասնենք դրան: Եվ եթե մինչև տարեվերջ այս հարցին լուծում չտրվի, ապա մենք ողջ Արցախը ոտքի կկանգնեցնենք և եթե անհրաժեշտ լինի` կհասնենք Երևան»,- ասաց Գ. Աֆանասյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

 

aravot.am