«Չեմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է»․ ստորագրահավաք՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի

172

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած  «Հաղթանակ»  շարժման ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրահավաք են անցկացնում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ի աջակցություն  Ռոբերտ Քոչարյանի։

«Մարդը, որն ազատագրել է Արցախը, որն ազատագրել է 7 շրջանաները, որը 10 տարի դիվանագիտական հարթակներում ոչնչացրել է Հեյդար և Իլհամ Ալիևներին, այսօր ապօրինի կալանքի տակ է մի աբսուրդ հոդվածով»,-նշեց Քոչարյանի աջակիցներից մեկը։

Ստորագրահավաքին միացած քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինի․ «Մարտի 1-ի գործը բոլորն էլ գիտեն, թե ում ձեռքի գործն էր»։

Քաղաքացիներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ «նման մարդը չպետք է կալանքի տակ լինի»․

«Եթե փաստերով ապացուցեն, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, թող պատժվի, բայց ես չեմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է»,-ասաց նա։

«Հաղթանակ»  շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Գորիս քաղաքներում։

Comments